Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 12

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկ և Դոնեցկ շրջաններում մայիսի 11-ին հանրաքվե է անցկացվել, որով բնակչությունը պետք է արտահայտեր իր կամքը` մնալ Ուկրաինայի կազմում կամ հռչակել անկախություն։

Երկրի հարավ-արևելյան շրջաններում հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։

Ուժայինների կողմից հսկվող անցակետ. արևելյան Ուկրաինա

Ուժայինների կողմից հսկվող անցակետ. արևելյան Ուկրաինա

21:30” Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում կրկին մարտեր են ընթանում ուժայինների և ինքնապաշտպանական ուժերի միջև։ Ստույգ տեղեկություններ մարտերի բնույթի մասին լրատվամիջոցները դեռևս հաղորդել չեն կարող, քանի որ Սլավյանսկում բջջային կապի խափանմնան պատճառով առժամանակ հնարավոր չէ կապ հաստատել ինքնապաշտպանական ուժերի շտաբի հետ։ Նշենք, սակայն, որ քաղաքի արվարձաններում աշխատող լրագրողները նշում են, որ լսելի են կրակահերթեր ու ականանետերի կրակի ձայն։ Հավելենք նաև, որ այսօր համացանցում տարածվել է տեսագրություն, որում ինքնապաշտպանական ուժերի մարտիկները ենթադրաբար 120 մմ-անոց Նոնա ականանետից հարվածներ են հասցնում ուժային կառույցների ստորաբաժանումների դիրքերին։

20։50” Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար Ստեպան Պոլտորակը տեղեկացրել է, որ ներկայումս ընթնաում են ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեխնիկական վերազինման և պաշտպանական միջոցների համալրման գործընթացը, ինչից հետո ուժային կառույցը կշարունակի հակաահաբեկչական գործողությունների իրականացումը երկրի արևելյան շրջաններում։

20։30” Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունները երկրի արևելյան շրջաններում չեն դադարեցվելու ու դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Դոնեցկի և Լուգանսկի բնակչությունն ահաբեկողների խնդիրը։

20։20-Ուկրաինայում 2014-ի մայիսի 25-ին սպասվող նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտներից մեկը համարվող թեկնածու Յուլիա Տիմոշենկոն հայտնել է, որ այսօր պատրաստվում է մեկնել Դոնեցկ։ Ըստ նրա՝ իր այդ քայլով ինքը հետապնդում է գլխավորապես մեկ նպատակ. ցույց տալ բոլորին, որ երկրի արևելյան շրջանների աշխատավոր զանգվածի ոչ բոլոր հատվածն է աջակցում հանրաքվեի անցկացման մտահաղացումը և որ նրանք միասնական Ուկրաինայի կողմնակից են։

19։00-Դոնեցկի շրջանում տեղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը սահմանել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Նշենք, որ հանրաքվեից հետո ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Ստրելկովն իրեն է վերագրել այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի և ուժային բոլոր կառույցների հրամանատարի գործառույթները։

18:00” Ուկրաինայի եկամուտների նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում հայտնել է՝ ժամանակավորապես դադարեցվել է Լուգանսկի շրջանում տեղակայված ռուս-ուկրաինական սահմնային «Իզվարինո» մաքսային անցակետի աշխատանքը։ Պատճառը մայիսի 8-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպն է, որի ժամանակ զինված անձինք ներխուժել են մաքսատան տարածք, նետել են մոլոտովյան կոկտեյլներ և արդյունքում վնասել անցակետի ցանցային ու մալուխային ենթակառուցվածքը։ Մաքսատան աշխատակիցները ստիպված են եղել նահանջել չեզոք գոտի։ 

15։20 ” «Դոնեցկի ազգային հանրապետության» կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Դոնեցկում մայիսի 11-ին անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքները։ Հանրաքվեին մասնակցած բնակիչների 87.7 տոկոսը կողմ է քվեարկել շրջանի անկախացմանը, 10.19 տոկոսը՝ դեմ։ Քվեների 0.74 տոկոսը ճանաչվել է անվավեր։

14։ 40” Ուկրաինական իշխանությունների և Դոնեցկի մարզի դաշնային համակարգի անցնելու կողմնակիցների միջև հակամարտության ամբողջ ընթացքում 49 մարդ է մահացել։ Այս տվյալները վերաբերում են միայն Դոնեցկի մարզին։ Տվյալները հրապարակել է Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայի մամուլի ծառայությունը։

13։00 Պաշտոնական Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մայիսի 11-ին անցկացված հանրաքվեին։ Համաձայն հաղորդագրությանը՝ ՌԴ-ն հարգանքով է վերաբերում սույն շրջանների բնակիչների «կամքի ազատ արտահայտմանը»։ Հաղորդագրության մեջ ընդգծված է. «Ռուսաստանն ուշադիր հետևում էր Դոնեցկում և Լուգանսկում հանրաքվեի թե´ նախապատրաստական, թե´ բուն ընթացքին։ ՌԴ-ն քննադատում է ուժի, այդ թվում՝ զենքի կիրառումը հանրաքվեի մասնակիցների դեմ, ինչն էլ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի է հանգեցրել»։

11։40” Օդեսայի շրջանում տեղակայված զորամասերից մեկից 3 զինծառայող է փախուստի դիմել, ովքեր իրենց հետ վերցրել են նաև ինքնաձիգերը։ Զինծառայողները, ովքեր երեքն էլ կոչումով կրտսեր սերժանտներ են, թողել են զորամասը մայիսի 11-ի վաղ առավոտյան։ Ավելի ուշ զինծառայողներին կարողացել են հայտնաբերել, ինչից հետո նրանց ձերբակալել են։

11։08” Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պետական անկախացման օգտին մայիսի 11-ին կայացած հանրաքվեին քվեարկել է ընտրողների 94-98 տոկոսը։ Իսկ ուշ գիշերը հրապարակված տվյալների համաձայն՝ Դոնեցկի շրջանում անկախացման օգտին քվեարկել է ընտրողների 89.7 տոոկսը, սակայն սրանք դեռևս պաշտոնական տվյալներ չեն, քանի որ հիմնված են տեղամասերից հեռախոսազանգերի օգնությամբ ստացված տվյալների վրա։ Այլ տվյալներ Դոնեցկի շրջանից այս պահին չկան։ Դոնեցկում քվեարկությանը մասնակցել է բնակիչների 74.87 տոկոսը։

11։00” Դոնեցկում անհայտ անձինք առևանգել են «Նովայան գազետա» թերթի լրագրող Պավել Կանիգինին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լուսանկարիչ Պյոտր Շելոմովսկին։ Նա նշել է, թե Կանիգինը վաղ առավոտյան կարճ հաղորդագրություն է ուղարկել իրեն, որում նշել է, թե իրեն առևանգել են, իսկ զանգերին նա չի պատասխանել։

10։35” Ուկրաինայի ուժային կառույցները մայիսի 12-ի առավոտյան հրետակոծել են Սլավյանսկը։ Նման տեղեկություն է տարածել ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ հրետանու արկերի պայթյունների ձայներ են լսվել Անդրեևկա ավանի մոտ, որը Սլավյանսկի հարևանությամբ է։ Մոտակայքում «ինքնապաշտպանական ուժերի» հենակետն է, որի հետ, սակայն, ռուսաստանյան աղբյուրը կորցրել է կապը։ Նշվում է նաև, որ Սլավյանսկում բջջային կապը գրեթե դադարել է գործել։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է  հանրաքվե՝ որոշելու շրջանների ապագան, ինչը, սակայն, Կիևը չի ճանաչում։

Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *