Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պետական անկախացման օգտին մայիսի 11-ին կայացած հանրաքվեին քվեարկել է ընտրողների 94-98 տոկոսը։
Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Լուգանսկի հանրաքվեի անցկացման կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մալիխինի խոսքերին։
Ըստ աղբյուրի՝ Մալիխինը շեշտել է. «Այս պահի դրությամբ դիտարկել ենք 32-ից 28 ընտրատեղամասերի քվեաթերթիկները, սպասում ենք այն տեղամասերի տվյալներին, որտեղ քվեարկությունն ընթացել է Ուկրաինայի ազգային գվարդիայի ճնշման ներքո։ Դեռ չենք ստացել նաև Լուգանսկի՝ Մոսկվայում քվեարկող բնակիչների քվեարկության արդյուքները»։
Նկատենք, որ ուշ գիշերը հրապարակված տվյալների համաձայն՝ Դոնեցկի շրջանում անկախացման օգտին քվեարկել է ընտրողների 89.7 տոոկսը, սակայն սրանք դեռևս պաշտոնական տվյալներ չեն, քանի որ հիմնված են տեղամասերից հեռախոսազանգերի օգնությամբ ստացված տվյալների վրա։ Այլ տվյալներ Դոնեցկի շրջանից այս պահին չկան։
Հիշեցնենք, որ Դոնեցկում քվեարկությանը մասնակցել է բնակիչների 74.87 տոկոսը։ Հանրաքվեն ընդհանուր առմամբ ընթացել է լարված մթնոլորտում. Ուկրաինայի ազգային գվարդիայի անդամները մի շարք տեղամասերում փորձել են խաթարել քվեարկությունը։
Այսպես, Կրասնոարմեյսկ քաղաքում հրաձգության հետևանքով սպանվել է 2 հոգի, այս միջադեպից հետո քաղաքում քվեարկությունը կասեցվել էր, հատկապես որ ուկրաինացի զինծառայողները գրավել էին մի քանի դպրոցների մասնաշենքեր, որտեղ էլ քվեարկություն էր ընթանում։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հատուկ թղթակից Իլյա Ազարինն էլ իր հերթին հաստատել էր տեղեկությունը, որ Կրասնոարմեյսկ քաղաքը լքելիս ազգային գվարդիայի զինծառայողներն իր աչքի առաջ սպանել են 1 հոգու, իսկ ևս 1-ը վիրավոր է։
Բացի այդ, Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի ուժային կառույցների ներկայացուցիչները հարձակվել էին ինքնապաշտպանական ուժերի միանգամից մի քանի հենակետերի վրա։ Գրոհի ժամանակ օգտագործվել էր ինչպես հրազեն, այնպես էլ ականանետեր։ Ուժայիններին չէր հաջողվել մտնել քաղաք, թեպետ ստույգ հատյնի չէ, թե արդյոք նման առաջադրանք եղել է։
Հավելենք նաև, որ մայիսի 11-ին հայտարարությամբ են հանդես եկել ԵՄ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հերթական անգամ շեշտելով՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվեն անօրինական է, հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ուղղված է Ուկրաինայում իրավիճակի արհեստական սրմանը։
Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 12 | Ռազմ.info