Լրագրողների «Ասպարեզ» ակումբը պարզաբանում է տալիս NED դրամաշնորհի վերաբերյալ

Համաձայն բլոգեր Տիգրան Քոչարյանի, անցած տարի Գյումրիի «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպությունը 29100 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել ամերիկյան «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» (National Endowment for Democracy) կազմակերպությունից։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ստեղծել ՀՀ ԶՈՒ ոչ մարտական կորուստների տվյալների բազա, այդ բազան հրապարակել գրքի և համացանցային կայքի տեսքով, ինչպես նաև տարածել լրատվամիջոցներով, մշակել առաջարկներ։

Քանի որ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը Հայաստանում չէ, Razm.Info-ն փորձեց լուրը ճշտել և  ծրագրի ընթացքի ու արդյունքների մասին տեղեկություններ ստանալ «Ասպարեզ»  ակումբի պատասխանատու Նադեժդա Հակոբյանից, որը հայտնեց, որ այդ ծրագիրը սկսել են իրականացնել 2011թ. հոկտեմբերի 1-ից:

— «Ասպարեզը» դիմե՞լ է հայտարարված դրամաշնորհ ստանալու համար, թե՞ ծրագրի գաղափարը հենց ձերն էր:

—Ծրագիրը մենք ենք գրել, մի քանի տեղ ներկայացրել ենք, մերժվել ենք: Հետո դիմեցինք իրենց՝ 6 ամիս քննարկեցին և հաստատեցին:

Ի՞նչ ընդգրկում ունի ծրագիրը:

—Հարցումներն անցկացվում են Շիրակի մարզի 129 համայնքում՝ ներառյալ Գյումրին: Հարցաթերթիկները քննարկվել են Ֆեյսբուքում՝ «Բանակն իրականում» խմբում, որպեսզի պարզ դառնար, թե ով ինչ է ուզում լրացնել, հավաքել այդ հարցաթերթիկում: Մենք նախ հեռախոսով հարցում ենք արել համայնքապետերին և դպրոցի տնօրեններին: Քանի որ հնարավոր է, որ համայնքապետը չհիշի՝ 1994թ. hետո եղել է զոհ, թե ոչ, իսկ դպրոցի տնօրենը հիշի: Զոհերի մասին տվյալները շատ են, բայց մենք ուզում ենք  անձամբ պարզել, թե որ համայնքը խաղաղ պայմաններում զոհ ունի, ինչ փուլում է գտնվում դատական գործը և այնպես անել, որ զոհերի մասին բոլոր տվյալները հավաքվեն: Կան համայնքներ, որ հիշում են, պատասխանում են մեր հարցմանը, կան որ կտրուկ մերժում են:

— Ինչո՞վ են բացատրում մերժումները:

— Ասում են՝ չգիտենք ու վերջ: Մարդուն չես կարող ստիպել հիշի՝ զոհ եղել է թե ոչ: Առավել ամբողջական տվյալներ ունենալու համար զանգելուց հետո անձամբ ենք շրջելու, հանդիպելու ենք համայնքի անդամների հետ, ապա ամբողջ տվյալները տպարգրելու ենք:

— Հրապարակման մեջ նշվում է, որ այն տեղադրվելու է նաև կայքում: Կայքն արդեն պատրա՞ստ է:

— Դեռ հեռախոսային հարցումներն ենք ավարտում: Այցելությամբ ստուգված տվյալները մոտավորապես պատրաստ կլինեն 1.5 ամսից, հարցաթերթիկներն էլ կամփոփվեն այդ ժամանակ:

— Իսկ ուսումնասիրությունները ներառելու են միայն միջանձնային միջադեպե՞րը, թե՞ նաև թշնամու կրակից գրանցված մահերն եք արձանագրելու:

— Միայն խաղաղ պայմաններում գրանցված զոհերն ենք ուսումնասիրելու, թիվը կհավաքենք, հետո փորձագետը կառանձնացի, թե ով ինչպես է մահացել, քննությունն ավարտվել է կամ որ փուլում է:

— Տիկին Հակոբյան, ծրագիրը կսահմանափակվի Շիրակի մարզո՞վ, թե՞ կարող է ավելի ընդգրկուն լինել:

— Ծրագիրը Շիրակով է սահմանափակվում, բայց եթե լավ իրականացվի՝ հնարավոր է մյուս մարզերում անցկացվելիք ուսումնասիրություններն էլ ֆինանսավորեն: Բայցև պարզ է, որ բոլոր մարզերն ուսումնասիրելու ենք, կամաց-կամաց առաջ ենք գնալու: Մոտավոր տվյալներ նաև «Բանակն իրականումից» ենք վերցնելու, բայց ամբողջը պիտի հատիկ-հատիկ ճշտենք:

Վերջում Նադեժդա Հակոբյանը նշեց, որ զոհերի թվից բացի՝ շատ կարևոր են նաև մանրամասները: Իսկ փաթեթը, պատրաստ լինելուն պես, անպայման քննարկման է դրվելու:

One response to “Լրագրողների «Ասպարեզ» ակումբը պարզաբանում է տալիս NED դրամաշնորհի վերաբերյալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *