ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստում քննարկել են զորակոչին առնչվող հարցեր

Ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2011թ. աշնանային զորակոչի արդյունքները, խնդիրներ են առաջադրվել 2012թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից: Զորակոչային հանձնաժողովի նիստը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստին մասնակցել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցները, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ:
Իր խոսքում Սեյրան Օհանյանը, կարևորելով զինված ուժերի համալրման գործընթացը, ընդգծել է, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ գործընթացի իրականացումն առավել բարձր հիմքերի վրա է դրվել:
2011թ. աշնանային զորակոչի արդյունքների և 2012թ. գարնանային զորակոչի խնդիրների մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Նիստի ընթացքում ներկայացվել են աշնանային զորակոչի ընթացքում Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և հանրապետական հավաքակայանի բուժհանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները: Զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկել են նաև զորակոչիկների կցագրմանը և հաշվառմանը, բուժզննմանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը և զորակոչի անցկացման հետ կապված այլ թեմաներին առնչվող հարցեր:
Նիստի ավարտին շնորհակալություն հայտնելով ներկաներին կատարված համատեղ աշխատանքի համար` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ զորակոչի անցկացման համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ և բարձր մակարդակով:
2011թ. աշնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *