2014-ի մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները վաղ առավոտյան փորձել են գրոհել արևելյան Սլավյանսկ քաղաքը, որտեղ արդեն ավելի քան 1 շաբաթ բարիկադավորվել էր ռուսամետ կողմնորոշում ունեցող բնակչությունը՝ կազմավորելով այսպես կոչված ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր։ Սլավյանսկի գրոհն ուկրաինական կողմի համար ավարտվեց կատարյալ ձախողմամբ։ Կորուստների թվում նշվում էր ինքնապաշտպանական ուժերի կողմից խոցված 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռի մասին։
Նույն օրը՝ մայսիսի 2-ին, սկիզբ առան բախումներ Ուկրաինայի արևելյան մի քանի խոշոր քաղաքներում, որոնց թվում էին Օդեսան և Կրամատորսկը, իսկ ավելի ուշ նաև Դոնեցկը։ Այն, ինչ տեղի ունեցավ Օդեսայում մայիսի 2-ին, դեռևս կլինի երկար շահարկումների թեմա։
Տեղի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում քաղաքում եղավ բախում՝ այսպես կոչված մայդանյան հեղափոխության կողմնակիցների և ռուսամետ բնակչության միջև։ Քաղաքում տեղակայված ոստիկանական ստորաբաժանումները ծավալվող իրադարձություններին չմիջամտեցին, քանի որ քանակով ակնհայտ զիջում էին ցուցարարներին։ Բախման ընթացքում ռուսամետ ցուցարարների որոշ մասը ստիպված եղավ ապաստանել Օդեսայի արհմիության շենքում։
Ուկրաինամետ ցուցարարները գործի դրեցին ճգնաժամի ընթացքում արդեն բազմիցս կիրառված միջոցներից մեկը՝ մոլոտովյան կոկտեյլները, ինչի հետևանքով արհմիության շենքում բռնկված հրդեհը դարձավ այդտեղ ապաստանած թվով 42 հոգու մահվան պատճառ։
Անկարգություններն ու բախումները շարունակվեցին նաև Կրամատորսկ և մասամբ նաև Դոնեցկ քաղաքներում։
Հարկ է նշել, որ ստույգ փաստեր ծավալվող իրադարձությունների և ուկրաինական բանակի գործողությունների մասին այս պահին հաղորդելը բավական դժվար է։ Տեղեկատվական դաշտը բաժանվել է երեք բևեռների։ Ռուսաստանյան և ուկրաինական լրատվամիջոցները ներկայացնում են իրարամերժ և իրար հակասող տեղեկություններ։ Լրագրողներին որոշ մանրամասներ է հաղորդում նաև Սլավյանսկի ինքնապաշտպանական ուժերի տեղեկատվական շտաբը, սակայն հաղորդված տվյալների իսկության վերաբերյալ որրևէ ենթադրություն անելը ևս դժվար է։
Որպես օրինակ նշենք, որ Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է Սլավյանսկի գրոհի ժամանակ կորցրած երկու միավոր Մի-24 ուղղաթիռի մասին, ինքնապաշտպանական ուժերի շտաբից նշում են խոցված 3 միավոր Մի-24-ի և ևս 2 միավոր Մի-8 ուղղաթիռի մասին, որոնք հաջողվել է վնասել։ Միևնույն ժամանակ համացանցում հայտնվել է խոցված Մի-8 ուղղաթիռի լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են այն տեղափոխում քարշակող բեռնատարի վրա։ Մինչդեռ խոցված Մի-8-ի մասին կողմերից ոչ մեկը չէր հայտնել։
Նշենք նաև՝ Ուկրաինայի ողջ տարածքում մայիսի 4-ին գրանցվել է զրահատեխնիկայի և զինծառայողների շարժ՝ երկրի արևմտյան և կենտրոնական հատվածներից դեպի արևելք։ Զորքերի տեղաշարժի մասին հայտնում են ուկրաինաբնակ ռադիոսիրողները, ովքեր ռադիոկայաններով հաղորդում են նկատած ցանկացած շարժի մասին։ Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ ուկրաինական բանակը կնախաձեռնի ապստամբ քաղաքների հերթական գրոհ։
Տեղեկացնենք նաև, որ մայիսի 3-ից 5-ը Օդեսայում հայտարարված է սգո օրեր՝ ի հիշատակ բախումների ժամանակ զոհվածների։
0 responses to “Իրավիճակն Ուկրաինայում մայիսի 3-ին և 4-ին”