Ուկրաինական զորքերը գործողություն են սկսել Սլավյանսկում. կան զոհեր (վիդեո)

Ուկրաինայի իշխանությունները գործողություններ են սկսել իրենց վերահսկողության տակ առնելու Սլավյանսկ քաղաքը, որն անցել էր ռուսամետ ուժերի ձեռքը։ Գործողությունների արդյունքում զոհ ունի և ուկրաինական կողմը, և տեղի ինքնապաշտպանական ուժերը։

Մայիսի 2-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ուղղաթիռների և զրահամեքենաների ուղեկցությամբ սկսել են գրոհել Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերի դիրքերը։ Քաղաքում սկսվել են փողոցային մարտեր։ Գործի են դրվել զրահամեքենաները, լսելի են եղել ինքնաձիգերի կրակահերթեր։ Ականատեսների վկայությամբ՝ կրակ է արձակվել նաև ուղղաթիռներից։

Ուկրաինական ուղղաթիռի ոչնչացումը

Ուկրաինական ուղղաթիռի ոչնչացումը

Բախումների ընթացքում «ազգային ինքնապաշտպանական ուժերի» անդամներին հաջողվել է վայր գցել ուկրաինական զինուժի երկու Մի-24 ուղղաթիռ։ Ուղղաթիռի վայր ընկնելու և նրա օդաչուի մահանալու մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է Մի-24 ուղղաթիռների կորուստը, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռին վնասներ հասցնելու տեղեկությունը։

«Ազգային ինքնապաշտպանական ուժերի» շտաբը հաղորդել է նաև առաջին զոհի մասին։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավակովն իր ֆեյսբուքյան էջով կոչ է արել Սլավյանսկի բնակիչներին դուրս չգալ տներից, ինչպես նաև նշել է, թե քաղաքը վերցված է ամուր օղակի մեջ, երկաթուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ռուսամետ ուժերին նա անվանել է «ահաբեկիչներ»։

Երևանյան ժամանակով 11։00-ի սահմաններում իրավիճակը քաղաքում որոշակի հանգստացել է, սակայն չի բացառվում, որ մարտերը կվերսկսվեն նոր ուժգնությամբ։

Մի-24 ուղղաթիռի վիրավոր օդաչուին տեղափոխում են հիվանդանոց

Ուկրաինական ուղղաթիռի վայր գցելը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *