Ադրբեջանի ու Սինգապուրի համատեղ «Բաքվի նավաշինական գործարան» ԲԲԸ-ում Ադրբեջանը նախատեսում է 2015-ի հունվարին սկսել իր առաջին ռազմանավի կառուցումը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հայտնի է նաև, որ նոր ռազմանավը հանձնվելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության ապահովման ծառայությանը։
Բաքվի նավաշինարանի ինժեներներն արդեն ներկայացրել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմին նոր ռազմանավի նախագիծը, որի կառուցումը թերևս ընթանալու է մինչև 2020-ը ՌԾՈւ-ի ռազմանավերի արդիականացման պետական ծրագրի շրջանակներում։
1991-ից ի վեր Ադրբեջանի տարածքում կառուցվել է ընդամենը մեկ նավ ՌԾՈւ-ի համար։ Դա եղել է պարեկային նավ, իսկ թե ինչ տիպի, չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ 2010-ին Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական ընկերության (SOCAR) տնօրեն Ռովնագ Աբդուլաևի՝ Սինգապուր կատարած այցի ժամանակ SOCAR-ի, սինգապուրական Keppel Offshore and Marine ընկերության և Ադրբեջանի ներդրումային ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսված էր Բաքվում նավաշինական գործարան հիմնել։
Ընդ որում, բաժնետոմսերի 65 տոկոսը SOCAR-ինն է, 25 տոկոսը՝ Ադրբեջանի ներդրումային ընկերությանը, 10 տոկոսը՝ Keppel Offshore and Marine ընկերությանը։ Ավելի վաղ՝ 2009-ի վերջին, կողմերը փոխհամաձայնության հուշագիր էին կնքել։
Նավաշինարանը նախագծել էին բրիտանական Royal Haskoning և նիդեռլանդական TTС ընկերությունները։ SOCAR-ի տվյալներով՝ նավաշինական գործարանի կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 470 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը պաշտոնապես գրանցվել է որպես ԲԲԸ 2011-ի մայիսին, իսկ 2013-ի սեպտեմբերի 20-ին այն սկսել են շահագործել։
Նկատենք նաև, որ 2014-ի ապրիլի 24-ին «Բաքվի նավաշինական գործարան» ԲԲԸ-ն և bp Exploration («Շահդենիզ-2») ԲԲԸ-ն պայմանագիր են կնքել նավթարդյունաբերության շրջանակներում ստորջրյա տեխնիկական աշխատանքներում կիրառվող նավի նախագծման և կառուցման վերաբերյալ։ Այս գործարքը սույն գործարանի կնքած ամենանշանակալից պայմանագիրն է։
Ադրբեջանի ռազմածովային ուժերն ունեն պարեկային, սահմանապահ նավեր ու կատերներ, ականազերծիչ, դեսանտային նավեր, տանկերներ, ինժեներական աշխատանքներում կիրառվող, նաև ուսումնական նավեր։
Հավելենք նաև, որ 2014-ի ապրիլի սկզբին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի ՌԾՈւ-ն որոշել է ոչնչացնել շահագործումից դուրսբերված մի շարք ռազմանավեր։
Pingback: Ռուսաստանը Հորդանանին «Բուրատինո» կրականետ համակարգ է առաջարկել | Ռազմ.info
Pingback: Ձգտելով հավասարակշռության Կասպից ծովում. Ադրբեջանում շահագործման են հանձնել նորոգված ռազմանավերը | Ռազմ.info