Ուկրաինայի ՆԳՆ փոխանցմամբ՝ 2014-ի ապրիլի 25-ին երկրի արևելյան՝ Դոնեցկի շրջան մուտք գործելիս անհայտ անձինք կանգնեցրել են 13 հոգի տեղափոխող մի ավտոբուս, որի ուղևորների շարքում էին նաև ԵԱՀԿ 7 ներկայացուցիչներ, Ուկրաինայի զինված ուժերի 5 զինծառայողներ և վարորդը:
Համաձայն ՆԳՆ հաղորդագրությանը՝ ներկայումս ավտոբուսի բոլոր ուղևորները պատանդ են և պահվում են տեղի անվտանգության ծառայության գրասենյակում: ՆԳՆ-ն հավաստիացնում է՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներին պատանդ են վերցրել «ռուսամետ ուժերի հրահանգով»:
Միջադեպի իսկությունը հաստատել է նաև Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը՝ վկայելով՝ պատճառն այն էր, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներին ուղեկցում էին ուկրաինացի սպաներ, որոնց մուտքը Դոնեցկ չի խրախուսվում:
Նկատենք, որ ԵԱՀԿ առաքելությունն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է՝ Ուկրաինայի մեկնած անձինք ԵԱՀԿ դիտորդներ չեն, այլ տեսուչներ են, նրանք թվով 8-ն են. 4 հոգին Գերմանիայից, 1-ը՝ Չեխիայից, 1-ը՝ Դանիայից, 1-ը՝ Շվեդիայից, 1-ը՝ Լեհաստանից: Ըստ միկրոբլոգի՝ նրանք անվտանգ վայրում են, և արդեն հնարավոր է նրանց հետ կապ հաստատել: Նրանք Ուկրաինա են մեկնել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի համաձայն, որը թույլ է տալիս անդամ երկրներին միմյանց տարածքում տեսչական գործունեություն իրականացնել՝ ստուգելու համար ռազմական նշանակության օբյեկտները։
Հավելենք, որ 2014-ի ապրիլի սկզբից ի վեր Դոնեցկի շրջանում բնակչության ռուսամետ մասը ցույցեր է կազմակերպում՝ պահանջելով նոր ՏԻՄ ընտրություններ և Կիևից անկախացմանը միտված հանրաքվեի անցկացում։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են արևելյան շրջաններում «հակաահաբեկչական գործողությունների անցկացում», որոնց նպատակն իրականում ցույցերի ճնշումն է։