Հետաքրքրաշարժ միտումներ են նկատվում իսրայելական բանակի անձնակազմի համալրման գործընթացում։ Երկրի պաշտպանության նախարարությունից 2014-ի ապրիլի 22-ին տեղեկացրել են, որ այսուհետ կարվի փորձ՝ զինված ուժերի շարքերում ավելացնել քրիստոնյաների թիվը, ովքեր զինվորական ծառայություն կանցնեն կամավոր հիմունքով։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Առաջիկա շաբաթներին ՑԱՀԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ) ղեկավարությունը մտադիր է քարոզչական թերթիկներ տրածել քրիստոնյա բնակչության շրջանում, որում կլինի կոչ՝ անդամագրվել զինված ուժերին։
Հարկ է նշել, որ քրիստոնյաների անդամագրումը բանակին կլինի կամավոր, քանի որ համաձայն Իսրայելի օրենսդրության՝ վերջիններիս զորակոչումը չի կրում պարտադիր բնույթ։ Նշենք նաև, որ ՑԱՀԱԼ-ի այս նախաձեռնությունը նախօրոք համաձայնեցվել է ինչպես պաշտպանության նախարարի ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի, այնպես էլ Իսրայելում քրիստոնեական համայնքների ղեկավարների հետ, ովքեր ևս աջակցելու են ՑԱՀԱԼ-ին՝ նախաձեռնության թիրախային խումբ հանդիսացող քրիստոնյա արաբների շրջանում քարոզչության իրականացման գործում։
Ինչ վերաբերում է նախաձեռնության դրդապատճառներին, ապա պաշտոնական վարկածն արտահայտող բրիգադի գեներալ Հադի Աղմոնը, ով ՊՆ-ի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետն է, նշում է՝ դա արվում է բնակչության բոլոր շերտերին իսրայելական բանակում ծառայելու հնարավորթյուն տալու, ինչպես նաև հասարակության և բանակի միջև կապի սերտացման նպատակով։
Սակայն այս քայլի իրական նպատակերի մասին հենց Իսրայելում արդեն իսկ ձևավորվել են մի քանի վարկածներ։ Ըստ այդմ՝ նախաձեռնության դեմ հանդես եկողները, ովքեր հիմնականում մուսուլման արաբներն են, նշում են, որ բացառապես քրիստոնյաներին զինվորագրվելու կոչով դիմելն ունի մի նպատակ. խրել սեպ ու քրիստոնյա և մուսուլման արաբների միջև առաջացնել փոխադարձ անվստահություն։ Ըստ նրանց՝ իշխանության հաջորդ քայլը կլինի քրիստոնյա արաբների գիտակցությունից իրենց ինքնության հանումը։
Սակայն կան նաև նախաձեռնությունը ողջունողներ։ Բրիտանական պարբերականի թղթակիցն առանձնացրել է հյուսիսային Նազարեթ քաղաքում Հույն Ուղղափառ Եկեղեցու սպասավոր, հայր Գաբրիել Նադաֆի կարծիքը, ով նշել է, որ Իսրայելի քրիստոնյա բնակչությունը երկրի լիիրավ քաղաքացիներ են, ովքեր բնական է, որ պետք է մասնակցեն երկրի պաշտպանության ու անվտանգության ապահովմանը։
Հավելենք, որ Իսրայելի բնակչության շրջանում մուսուլման արաբների թիվը շուրջ 1 300 000 է, քրիստոնյա արաբներինը՝ 130 000։ Ներկայումս Իսրայելի բանակում կամավոր հիմունքով ծառայում է մոտ 100 քրիստոնյա արաբ, իսկ նախաձեռնության արդյունքում ակնկալվում է նրանց թիվը հասցնել 1 000-ի։
Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, 2014-ի մարտի սկզբին առաջին անգամ քննարկման մտցվեց օրինագիծ, որի ընդունման դեպքում կրոնական ուսումնական հաստատություններում ուսանող ուղղափառ հրեաները ևս կլինեն ենթակա զորակոչման։ Օրինագծի քննարկումը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց ուղղափառ հրեաների շրջանում, ովքեր կազմակերպեցին բողոքի բազմահազարանոց ցույցեր։