Ամերիկյան ռազմանավը ստացել է սեփական եռաչափ տպիչը

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Essex (LHD 2) ունիվերսալ դեսանտային նավը ստացել է սեփական եռաչափ տպիչը, որը մնալու է ռազմանավում նրա նավարկությունների ընթացքում, ինչի մասին հայտնում է breakingdefense.com կայքը: Եռաչափ տպիչը, սակայն, չի պատրաստելու ռազմանավի ու դրա սպառազինության համար նախատեսված պահեստամասեր:

ԱՄՆ ՌԾՈւ USS Essex (LHD-2) ունիվերսալ դեսանտային նավը

ԱՄՆ ՌԾՈւ USS Essex (LHD-2) ունիվերսալ դեսանտային նավը

Այն կկարողանա «տպել» միանգամյա օգտագործման ներարկիչներ ու այլ բժշկական միջոցներ, ինչպես նաև անձնակազմի ուսուցման համար նախատեսված ինքնաթիռների մանրակերտեր և այլն:

Եռաչափ տպիչը, սակայն, դեռ պիտի փորձարկվի, քանի որ ռազմանավում տպիչի տեղադրումից հետո այն դեռ դուրս չի եկել նավարկության, ու դեռ պարզ չէ, թե որքանով արդյունավետ կլինի տպիչի աշխատանքը ռազմանավի շարժիչի ստեղծած վիբրացիայի ու ծովի ալեկոծության պայմաններում:

Նշենք, որ եռաչափ տպիչով «տպած» պահեստամասերն ավելի էժան են, ու այդ է պատճառը, որ նախագծողները ձգտում են զարգացնել արտադրության այս տեսակը: Տպագրության ժամանակ մետաղյա (կամ այլ նյութի) փոշին լազերի միջոցով վերածվում է միաձույլ կառուցվածքի: «Տպագրությունն» ընթանում է շերտերով, ինչի արդյունքում ստացվում է ամբողջովին պատրաստի արտադրանք: Սակայն էժան լինելու հետ մեկտեղ եռաչափ տպիչներով տպված պահեստամասերն իրենց ամրությամբ զգալիորեն զիջում են ձուլվածքային արտադրությամբ ստեղծված պահեստամասերին:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարին հայտնի դարձավ, որ բրիտանական BAE Systems ընկերությունը 3D տպիչով «տպած» մետաղյա մասերով Tornado GR. 4 կործանիչի թռիչքային փորձարկումներ է անցկացրել, որոնք հաջող են անցել: Եռաչափ (3D) տպագրիչով կործանիչի համար պատրաստվել են մի քանի մասեր, այդ թվում` ռադիոկապի պաշտպանիչ պատյանը, սռնիներից մեկը և այլն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *