ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-95 ռմբակոծիչները մոտեցել են Մեծ Բրիտանիայի օդային սահմաններին

Հերթական լարված իրավիճակն է ստեղծվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների մասնակցությամբ։ Ապրիլի 23-ին ռուսաստանյան օդուժի 2 միավոր ՏՈւ-95 ռազմավարական ռմբակոծիչ մոտեցել է Մեծ Բրիտանիայի օդային սահմանին, ինչի պատճառով տագնապով օդ է բարձրացել վերջինիս օդուժի Typhoon կործանիչը։ Այս մասին հաղորդում է uk.news.yahoo.com կայքը։

Տու-95 ռմբակոծիչը Typhoon կործանիչի ուղեկցությամբ

Տու-95 ռմբակոծիչը Typhoon կործանիչի ուղեկցությամբ

Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով 16:00-ի սահմաններում։ Ռուսաստանյան ռմբակոծիչները Մեծ Բրիտանիայի օդային սահմանին են մոտեցել Շոտլանդիայի հյուսիսից։ Բրիտանական կողմի հավաստմամբ՝ օդ բարձրացած Typhoon-ին հաջողվել է ստիպել ռուսաստանցի օդաչուներին փոխել թռիչքի ուղղությունը։

Տու-95-երի հետագա թռիչքը շարունակվել է Նիդերլանդների, այնուհետև նաև Դանիայի օդային սահմանների հարևանությամբ, որտեղ դրանց ուղեկցել են այդ երկրների ռազմաօդային ուժերի կործանիչները։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ալիսթըր Բունքալը հայտնել է, որ միջադեպը որքան էլ մտահոգիչ է, այդուհանդերձ արտառոց ոչինչ չկա։ Միայն 2013-ին թագավորական օդուժը ստիպված է եղել 8 անգամ կործանիչներ բարձրացնել՝ իրենց օդային սահմաններին այլ երկրների ռազմական ինքնաթիռների մոտենալու պատճառով։

Հավելենք, որ գրեթե միաժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել նաև Մեծ Բրիտանիայի ջրային սահմանների մոտ։ Պատճառը ՌԴ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) Հյուսիսային նավատորմի Փոխծովակալ Կուլակով (ռուս.՝ Вице-адмирал Кулаков) հականավային խոշոր ռազմանավն էր, որը մոտեցել էր Մեծ Բրիտանիայի ջրային սահմաններին։ Ռազմանավին ընդառաջ շարժվել է թագավորական ՌԾՈւ-ի HMS Dragon ականակիր նավը։

Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը շահագործման է հանձնվել 1956 թվականին։ Չնայած իր պատկառելի տարիքին, ռմբակոծիչը շարունակում է համալրել ՌԴ ռազմաօդային ուժերի ավիապարկը։ Մինչ օրս արտադրվել է ինքնաթիռի բազմաթիվ մոդիֆիկացիաների ավելի քան 500 օրինակ։ 9 հոգանոց անձնակազմ ունեցող ռմբակոծիչը կարող է զարգացնել 900 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը՝ կախված մոդիֆիկացիայից, 10 500-ից 13 500 մետր է։ Սպառազինությունում Տու-95-ն ունի 3 երկփողանի հրանոթ, իսկ ռումբերի առավելագույն զանգվածը, որն ինքնաթիռը կարող է բարձրացնել, 12 000 կգ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *