3D տպիչով «տպագրված» մասերով կործանիչը հաջող թռիչք է կատարել

Բրիտանական BAE Systems ընկերությունը 3D տպիչով «տպագրած» մետաղյա մասերով Tornado GR. 4 կործանիչի թռիչքային փորձարկումներ է անցկացրել, որոնք հաջող են անցել:

Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը` հղում կատարելով բրիտանական ընկերությանը:

Tornado GR.4

Tornado GR.4

Կործանիչը թռիչքը կատարել է Ուորթոնի ավիաբազայից դեկտեմբերի վերջին:

Եռաչափ (3D) տպագրիչով կործանիչի համար պատրաստվել են մի քանի մասեր, այդ թվում` ռադիոկապի պաշտպանիչ պատյանը, սռնիներից մեկը և այլն: BAE Systems ընկերությունը սկսել է զբաղվել 3D տպիչներով մասերի արտադրությամբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ պայմանավորվածությունից հետո:

Լոնդոնում հույս ունեն, որ այս կերպ հնարավոր կլինի խնայել: Սպասվում է, որ Tornado GR. 4 կործանիչների «տպագրված» մասերի շնորհիվ առաջիկա չորս տարիներին շուրջ 2 մլն դոլար կխնայվի: Տպագրված մասերն օգտագործվելու են կործանիչների 4 էսկադրիլիայի համար:

Վերջին շրջանում ռազմարդյունաբերությունում տարածվում է DMLS տպագրությունը: Տպագրության ժամանակ մետաղյա փոշին լազերի միջոցով վերածվում է միաձույլ կառուցվածքի: «Տպագրությունն» ընթանում է շերտերով, ինչի արդյունքում ստացվում է ամբողջովին պատրաստի արտադրանք:

Ենթադրվում է, որ հենց այս մեթոդով էլ պատրաստվում են Tornado GR. 4-ի մասերը:

Հավելենք, որ 3D տպիչներով արդեն նաև հրազեն է «տպագրվել»: Մասնավորապես, 2013-ի նոյեմբերի սկզբին ամերիկյան Solid Concepts ընկերությունն առաջին անգամ M1911 ռազմական ատրճանակի գործող մոդելն է «տպագրել»։ Տպագրված հրազենի փորձարկումները հաջող արդյունքներ են գրանցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *