Հնդկաստանի ՌԾՈւ-ի հրաժարական տված հրամանատարը դարձյալ նշանակվել է նույն պաշտոնում

Փոխծովակալ Ռաբինդրա Ռոբին Դոուանը ապրիլի 17-ին պաշտոնապես նշանակվել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի հրամանատար։ Նա հրաժարական էր տվել փետրվարի 26-ին «Սինդուրատնա» սուզանավի հանկարծակի բռնկվելուց հետո։ Ծխահարման պատճառով մարդիկ էին տուժել, 2 սպա մահացել էր։
Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Հնդկաստանի «Սինդուրատնա» սուզանավը

Հնդկաստանի «Սինդուրատնա» սուզանավը

Ըստ հանդեսի՝ փոխծովակալը պաշտոնավարելու է մինչև 2016 թվականի մայիսի 31-ը։

Անմիջապես իր նշանակումից հետո Հնդկաստանի ռազմածովային ուժերի փոխծովակալն ասել է, որ պետք է հետևողական լինեն բոլոր ընթացակարգերում, որպեսզի բացառվեն վթարները։

Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարի 26-ին Ռուսաստանի՝ Հնդկաստանի համար կառուցած «Սինդուրատնա» սուզանավը Մումբայի շրջանում հանկարծակի բռնկվել է: Հաղորդվում էր, որ միջադեպն արձանագրվել է ափից 50 մ հեռավորության վրա, սուզանավում այդ պահին զենք-զինամթերք չի եղել, քանի որ այն փորձարկումներ էր անցնում համապատասխան վերանորոգումից հետո։
Միջադեպի պատճառների մասին ոչինչ չէր հիշատակվում, չնայած ոչ պաշտոնական աղբյուրները նշում էին, որ սուզանավը սկսել է այրվել ուժակուտակիչ խցում թերացումներ ի հայտ գալու հետևանքով։

Նշենք, որ «Սինդհուրատնա» սուզանավը կառուցվել է 1988-ին Նիժնի Նովգորոդի «Կրասնոե Սորմովո» նավաշինարանում։ Այն ունի 2.3 հազար տոննա ջրատարողություն, երկարությունը 72.6 մ է, արագությունը՝ 18 հանգույց։ 2002-ին ՌԴ-ն արդիականացրել է սուզանավը Սևերոդվինսկի «Զվոյզդոչկա» նավաշինարանում՝ սուզանավում տեղադրելով հրթիռային համալիր։

Հավելենք, որ մեկ այլ միջադեպ էր գրանցվել մարտի 7-ին, այս անգամ Հնդկաստանի Վիշակհպատման քաղաքի նավաշինարանում, որի հետևանքով 1 հոգի մահացել էր, ևս 2-ը վիրավորվել էին։

Նավաշինարանում, որտեղ պայթյուն էր եղել, կառուցվում են Հնդկաստանի համար նախատեսված Arihant տեսակի 3 ատոմային սուզանավերը։ Սուզանավերից այս պահին պատրաստ է միայն մեկը, որն էլ դեռևս փորձարկումներ է անցնում։
Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ղեկավարը նշել էր, որ սուզանավը պայթյունի հետևանքով չի վնասվել։

Հիշեցնենք, որ միջադեպերը վերջին 7 ամիսների ընթացքում Հնդկաստանի ՌԾՈւ-ում արդեն 11-ի են հասնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *