Թուրքիայի զինված ուժերի «Բարբարոս» նավախումբը ժամանել է Նիգերիա, որտեղ ցուցադրական վարժանքներ է իրականացրել տեղի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների համար։
Թուրքական ռազմանավերն ապրիլի 16-ին խարիսխ են գցել Նիգերիայի Լագոս նավահանգստում։ Թուրքական նավախմբի հրամանատարական կազմը հանդիպումներ է ունեցել նիգերացի զինվորականների հետ։
Թուրք զինծառայողները Նիգերիայի ռազմածովային ուժերի 20 զինծառայողների համար վարժանքներ են անցկացրել, ինչից հետո մի շարք միջոցառումներ են կազմակերպվել։
Նշենք, որ մարտին 102 օր տևողությամբ նավարկության դուրս եկած Barbaros (Բարբարոս) անունը կրող Թուրքիայի ՌԾՈւ նավախումբը կազմված է TCG Gediz (F-495) և TCG Orucreis (F-245) ֆրեգատներից, TCG Հեյբելիադա (F-511) կորվետից, TCG Gungor բեռնատար նավից։ Նավատորմիղը գլխավորում է Թուրքիայի ՌԾՈւ փոխծովակալ Ալի Մուրաթ Դեդեն։
Թուրքական ռազմանավերն անցնում են աֆրիկյան 27 պետության ափամերձ հատվածներով՝ ժամանակ առ ժամանակ խարիսխ գցելով տեղի զինվորականների և պաշտոնյաների հետ հանդիպումների, վերանորոգման և վերալիցքավորման համար։
Նավարկության ժամանակ թուրք նավաստիները մասնակցելու են «Օբանգեյմ Էքսպրես» զորավարժությանը, որն աֆրիկյան մի շարք պետությունների հետ անցկացնելու է Միացյալ Նահանգները։
Բացի այդ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում թուրքական նավատորմիղը «Օվերբերգ» զորավարժարանում կրակային վարժանքներ է անցկացնելու, ապա նավարկությունը շարունակելու է Հնդկական օվկիանոս, որից հետո վերադառնալու է Թուրքիա։