Հնդկաստանը Ռուսաստանից սպառազինություն է գնում Աֆղանստանի համար

Հնդկաստանը Ռուսաստանի հետ երկարաժամկետ պայմանավորվածության է եկել, որով նախատեսում է սպառազինություն ու ռազմական տեխնիկա գնել ու հատկացնել Աֆղանստանին:

Այս մասին հայտնում է indianexpress.com կայքը: Ըստ կայքի՝ Հնդկաստանն ու Ռուսաստանը գաղտնի բանակցություններ էին վարում արդեն մի քանի ամիս ու համաձայնություն ձեռք բերեցին միայն 2014-ի փետրվարին:

Հնդկաստանի ԶՈւ Տ-55 տանկ

Հնդկաստանի ԶՈւ Տ-55 տանկ

Հնդկական կողմը Աֆղանստանին սպառազինություն տրամադրելը հիմնավորում է նրանով, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո այնտեղ կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, իսկ Աֆղանստանը Հնդկաստանի ռազմավարական գործընկերն է, ու Հնդկաստանին մտահոգում է Աֆղանստանի շուրջ ստեղծվող իրավիճակը:

Հնդկաստանյան լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Հնդկաստանի ու Ռուսաստանի պայմանավորվածության արդյունքում ռազմական նշանակության արտադրանքի առաջին խմբաքանակը արդեն տրամադրվել է Աֆղանստանին, սակայն չի հստակեցվում, թե ինչ է մտնում այդ արտադրանքի մեջ:

Սակայն նշվում է, որ Ռուսաստանը տրամադրելու է հրազեն, իսկ Հնդկաստանը՝ հրետանային միջոցներ, ուղղաթիռներ ու զրահատեխնիկա՝ այդ թվում և տանկեր: Պայմանավորվածության համաձայն՝ կարող են արդիականացվել նաև Աֆղանստանում առկա խորհրդային արտադրության զինատեսակները:

Հիշեցնենք, որ Աֆղանստանը պաշտոնական նամակ էր հղել Հնդկաստանին՝ խնդրելով աֆղանական զինված ուժերին տրամադրել ռազմական տեխնիկա, որը օգտագործվում է կամ արդեն հանվել է Հնդկաստանի ԶՈւ սպառազինությունից։

Պաշտոնական Քաբուլը Հնդկաստանի կառավարությանը խնդրել էր աֆղանական կողմին տրամադրել 150 միավոր տանկ, 120 միավոր 105 մմ հրանոթներ, մեծ քանակի 82 մմ ականանետներ, Ան-32 բեռնատար ինքնաթիռ, բազմաթիրախային բեռնատար ուղղաթիռների 2 էսկադրիլիա (24 միավոր) ու ևս երկու էսկադրիլիա հարվածային ուղղաթիռներ (24 միավոր)։

Այսքանից բացի, աֆղանական կողմը հույս ուներ Հնդկաստանից ստանալ նաև մեծ քանակությամբ բեռնատար մեքենաներ ու ամենագնացներ, հրազեն ու զինամթերք, ինչպես նաև օգնություն՝ այդ տեխնիկայի սպասարկման համար։ Աֆղանական կառավարությունը ծրագրում էր նաև ստեղծել ռազմական ուսումնական հաստատություն, որտեղ կդասավանդեն հնդիկ մասնագետները։ Հնդկաստանը, սակայն, խուսափում էր իր մասնագետներին ուղարկել Աֆղանստան, որովհետև դա կարող է սրել Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունները:

Ներկայում աֆղանական ԶՈւ սպառազինության մեջ են Տ-55 ու Տ-62 հիմնական մարտական տանկերը, ԲՄՊ-1, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաները, ԶՈւ-23-2 զենիթային համալիրներն ու Մ-46 քարշակվող հրանոթները։ Հենց այս տեսակների սպառազինություն կա կամ արդեն դուրս է գրվել Հնդկաստանի ԶՈւ սպառազինությունից։

Սակայն հնդկական կողմը զգուշանում էր։ Պաշտոնական մակարդակում հնդկական կողմը նշում էր, որ տեխնիկայի տրամադրման համար խոչընդոտ կարող են լինել սեփական ռազմական տեխնիկայի հնարավոր անբավարարությունը պատերազմի դեպքում ու ռուս նախագծողների հեղինակային իրավունքների խախտումները։ Պատճառն այն է, որ թեև հնդկական կողմն արդեն երկար տարիներ այս տեխնիկայի մեծ մասն արտոնագրով արտադրում է հենց Հնդկաստանում, սակայն դրանք արտահանելու համար անհրաժեշտ է պաշտոնական Մոսկվայի թույլտվությունը։

Չնայած այս վարկածին՝ զգուշավորության հիմնական պատճառ էր նշվում այն, որ տրամադրվելիք ռազմական տեխնիկան կարող է հայտնվել թալիբների ձեռքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *