Աֆղանստանը 150 տանկ, 24 ուղղաթիռ ու այլ տեխնիկա է խնդրում Հնդկաստանից

Աֆղանստանը պաշտոնական նամակ է հղել Հնդկաստանին՝ խնդրելով աֆղանական զինված ուժերին տրամադրել ռազմական տեխնիկա, որը օգտագործվում է կամ արդեն հանվել է Հնդկաստանի ԶՈւ սպառազինությունից։

Աֆղանստանի այս քայլն ուղղված է սեփական զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, քանի որ ՆԱՏՕ-ն ավարտել է պատերազմն Աֆղանստանում ու 2014-ին պատրաստվում է մեծամասամբ դուրս բերել զորամիավորումները։

Հնդկաստանի ԶՈւ Տ-55 տանկ

Հնդկաստանի ԶՈւ Տ-55 տանկ

Պաշտոնական Քաբուլը Հնդկաստանի կառավարությանը խնդրել է աֆղանական կողմին տրամադրել 150 միավոր տանկ, 120 միավոր 105 մմ հրանոթներ, մեծ քանակի 82 մմ ականանետներ, Ան-32 բեռնատար ինքնաթիռ, բազմաթիրախային բեռնատար ուղղաթիռների 2 էսկադրիլիա (24 միավոր) ու ևս երկու էսկադրիլիա հարվածային ուղղաթիռներ (24 միավոր)։

Այսքանից բացի, աֆղանական կողմը հույս ունի Հնդկաստանից ստանալ նաև մեծ քանակությամբ բեռնատար մեքենաներ ու ամենագնացներ, հրազեն ու զինամթերք, ինչպես նաև օգնություն՝ այդ տեխնիկայի սպասարկման համար։ Աֆղանական կառավարությունը ծրագրում է նաև ստեղծել ռազմական ուսումնական հաստատություն, որտեղ կդասավանդեն հնդիկ մասնագետները։

Նշենք, որ մինչ այս Հնդկաստանը արդեն 2 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն է տրամադրել Աֆղանստանին վարկի տեսքով, որը նախատեսված է երկրի ենթակառուցվածքների ստեղծման ու վերականգնման, ավտոճանապարհների, դպրոցների ու հիվանդանոցների շինարարության ու այլ կարիքների համար։

Բացի այդ, սեպտեմբերին Աֆղանստանը ևս մեկ պաշտոնական նամակ էր ուղարկել Հնդկաստանին, որտեղ Աֆղանստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Շեր Մոհամմադ Քարիմին խնդրել էր աֆղանական կողմին տրամադրել տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, հրետանային համակարգեր, ուղղաթիռներ, կապի ու այլ համակարգեր, ինչպես նաև օգնել աֆղանական սպառազինության մեջ գտնվող խորհրդային ռազմական տեխնիկայի արդիականացման գործում։

Մինչ այդ էլ՝ 2011-ին, Հնդկաստանի ու Աֆղանստանի միջև կնքվել է ռազմավարական գործունեության պայմանագիր, որի ժամանակ աֆղանական կողմը ներկայացրել  նաև ցանկալի սպառազինության մի մասը։

Ներկայումս աֆղանական ԶՈւ սպառազինության մեջ են Տ-55 ու Տ-62 հիմնական մարտական տանկերը, ԲՄՊ-1, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաները, ԶՈւ-23-2 զենիթային համալիրներն ու Մ-46 քարշակվող հրանոթները։ Հենց այս տեսակների սպառազինություն կա կամ արդեն դուրս է գրվել Հնդկաստանի ԶՈւ սպառազինությունից։

Սակայն հնդկական կողմը դեռ զգուշանում է։ Պաշտոնական մակարդակում հնդկական կողմը նշում է, որ տեխնիկայի տրամադրման համար խոչընդոտ կարող են լինել սեփական ռազմական տեխնիկայի հնարավոր անբավարարությունը պատերազմի դեպքում ու ռուս նախագծողների հեղինակային իրավունքների խախտումները։ Պատճառն այն է, որ թեև հնդկական կողմն արդեն երկար տարիներ այս տեխնիկայի մեծ մասն արտոնագրով արտադրում է հենց Հնդկաստանում, սակայն դրանք արտահանելու համար անհրաժեշտ է պաշտոնական Մոսկվայի թույլտվությունը։

Չնայած այս վարկածին՝ զգուշավորության հիմնական պատճառ է նշվում այն, որ տրամադրվելիք ռազմական տեխնիկան կարող է հայտնվել թալիբների ձեռքում։

Բացի այդ, Հնդկաստանի կողմից Աֆղանստանին ռազմական տեխնիկայի տրամադրումը կարող է նաև քաղաքական խնդիրներ առաջացնել Պակիստանի հետ, որը տարածաշրջանում մրցակցության մեջ է Հնդկաստանի հետ ու իր շահերն է հետապնդում Աֆղանստանում։ Պակիստանը Աֆղանստանին անգամ առաջարկել է ռազմական կարիքների համար վարկ տրամադրել և ռազմական կրթություն ապահովել, ինչն աֆղանական կողմը մերժել է։

Չնայած զգուշավորությանը՝ Հնդկաստանը շարունակում է պատրաստել Աֆղանստանի ԶՈւ անձնակազմին, ու նախորդ մի քանի ամիսների ընթացքում Հնդկաստանում պատրաստություն է անցել  մոտ 400 աֆղան զինծառայող։

Մյուս կողմից էլ հայտնի է դարձել Աֆղանստանի ու ԱՄՆ-ի միջև կնքվելիք պայմանագրի մասին, ըստ որի՝ ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումները կմնան Աֆղանստանում մինչև 2024 թ։ Ներկայումս, սակայն, ԱՄՆ-ն մեղադրում է աֆղանական կողմին պայմանագրի կնքումը ձգձգելու համար ու սպառնում արագ հանել իր բոլոր ուժերն Աֆղանստանից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *