Ադրբեջանի ՌԾՈւ նախկին գնդապետին ձերբակալել են կաշառակերության մեղադրանքով

Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում հերթական ձերբակալության դեպքն է արձանագրվել։ Ռազմածովային ուժերի արդեն նախկին սպա, 56-ամյա գնդապետ Հասըմ Գուլիևին ձերբակալել են կաշառակերության մեղադրանքով։

Ադրբեջանի ՌԾՈւ նավատորմի ֆլագման «Գուսարներ» պահակային նավը

Ադրբեջանի ՌԾՈւ նավատորմի ֆլագման «Գուսարներ» պահակային նավը

Ինչպես հաղորդում են Բաքվի շրջանի ռազմական դատարանից, սպային արդեն մեղադրանքներ են ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 311-րդ (կաշառքի ստացում) հոդվածով։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 2014-ի մարտի սկզբից ի վեր Ադրբեջանի ՌԾՈւ համակարգում ձերբակալությունների և առանց հիմնավորումների պաշտոնանկությունների ալիք է բարձրացել։

Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը մարտի 11-ին հեռացվել էր պաշտոնից: Նրա պաշտոնակատար էր նշանակվել Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի տեղակալ, ՌԾՈւ շտաբի պետ, առաջին կարգի կապիտան Յունուս Մամեդովը:

Մարտի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հեռացվել է նաև ՌԾՈւ հրամանատարի՝ մոտ 3 շաբաթ պաշտոնավարած պաշտոնակատարը՝ առանց նշելու հեռացման պատճառների և հանգամանքներների մասին։ Մի քանի օր անց Յունուս Մամեդովին ձերբակալել են։ Մամեդովը ՌԾՈւ-ում տեսչական ստուգումներից հետո ապրիլի 3-ին կանչվել է ռազմական ոստիկանություն, նրան մեղադրանքներ են առաջադրել խարդախության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Որպես խափանման միջոց սահմանվել է 3 ամիս ժամկետով կալանքը։

ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար է նշանակվել երկրորդ կարգի կապիտան Շահին Մամեդովը, որը ստանձնել է նաև ՌԾՈւ շտաբի պետի պարտավորությունները։

Նկատենք, որ դեռևս մարտի 6-ին հայտնի էր դարձել՝ 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովը «մաքրում է» ռազմածովային ուժերը նախկին նախարար Սաֆար Աբիևի մտերիմ բարձրաստիճան զինվորականներից:

Հարկ է նշել, որ նույն ինքը՝ Շահին Սուլթանովը ևս Սաֆար Աբիևի կադրերից էր համարվում: Նա ավարտել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի ակադեմիայի նավիգացիայի բաժինը, 1999-ին նշանակվել է ՌԾՈւ հրամանատար, 2002-ին նրան շնորհվել է կոնտրծովակալի, իսկ 2005-ին՝ փոխծովակալի կոչում: Նրան են վերագրում Ադրբեջանական ՌԾՈւ սերտ համագործակցության հաստատումը Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերի հետ:

Հավելենք նաև, որ ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ պետական գույքի յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար պատասխանատվության է ենթարկվել Շահին Սուլթանովի եղբայրը՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում աշխատող Էլչին Սուլթանովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *