ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայից Բաքու չի մեկնել

Համաձայն ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 2014-ի աշխատանքային ծրագրի՝ տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսել էր պատվիրակություն ուղարկել Բաքու՝ ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդի կայանալիք նիստին մասնակցելու։

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինիս խոսքերով՝ ծրագրված էր Բաքու հասնել տարանցիկ թռիչքով, ուստի ՀՀ ՊՆ պատվիրակությունը ժամանել էր Մոսկվա ապրիլի 7-ին։ Սակայն, չնայած ԱՊՀ-ի կողմից պաշտոնական հրավերի առկայության և Բաքու ուղևորվելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ին նախապես ուղարկված պաշտոնական ծանուցման՝ ընդունող կողմն այդպես էլ չի հաստատել իր պատրաստակամությունը և հետաքրքրվածությունը ՀՀ պատվիրակության ընդունելությունն ապահովելու։ Արդյունքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն իր՝ Մոսկվայից Բաքու հասնելու ծրագրերը չեղյալ է հայտարարել։

Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդի նիստն այս տարի կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաքում ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Ադրբեջանական կողմը լուրեր էր տարածում՝ իբր նիստին մասնակցելու է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ Խաչատուրովի փոխարեն Բաքվում կայանալիք նիստին մասնակցելու է ՌԴ-ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից մեկը։ Մամուլի քարտուղարը չցանկացավ անուններ նշել։

Ադրբեջանական մամուլը մինչ օրս լուրեր է տարածում, որոնց համաձայն՝ դեռ պարզ չէ՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը կժամանի Բաքու, թե ոչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *