Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության վկայությամբ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մայոր, 1981-ին ծնված Ստանիսլավ Կարաչևսկին Ղրիմի Նովոֆեդորովկա բնակելի վայրում սպանվել է ապրիլի 6-ի գիշերը։
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ՊՆ-ն, մայորին սպանել է ՌԴ զինուժի զինծառայողներից մեկը, երբ սպանվածի և վերջինիս ընկերոջ՝ Ուկրաինայի զինուժի զինծառայող Յարմոլենկոյի ու ռուսաստանցի զինծառայողների միջև վեճ է ծագել։
Հաղորդագրության տեքստում շեշտված է. «Ուկրաինացի սպաները փորձել են փախչել, սակայն ռուսները հետապնդել են նրան, սպանել ու այն կոծկելու նպատակով՝ իրենց մոտ են պահել մայորի դին»։
Նկատենք, որ ռուսաստանյան կողմն իր հերթին պնդում է, որ ռուսաստանցի զինծառայողները զենք են կիրառել բացառապես ինքնապաշտպանական նկրտումներից ելնելով։ ՌԴ հետաքննական հանձնաժողովի հետաքննական վարչության ղեկավարի Ղրիմի գծով ավագ օգնական Անդրեյ Վասիլկովի հավաստիացմամբ՝ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, սահմանված պատիժը մինչև 15 տարի ազատազրկումն է։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ պարզ չեն։