Ադրբեջանը պարգևատրել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին հերթական մեդալով

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևն ապրիլի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին։

Էլչին Գուլիևն ու Նեջդեթ Օզելը

Էլչին Գուլիևն ու Նեջդեթ Օզելը

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, երկկողմ հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով։ Գուլիևը խոսել է Ադրբեջանի սահմանապահ համակարգի առանձնահատկությունների մասին՝ անդրադառնալով նաև Արցախյան հիմնախնդրին։ Նրա խոսքերով՝ հենց սույն չլուծված հակամարտության պատճառով էլ «իրանաադրբեջանական սահմանը կիրառվում մաքսանենգության և այլ հանցավոր գործողությունների համար»։

Հանդիպման ավարտին Գուլիևը պարգրատրել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին «Ռազմական համագործակցության բնագավառում վաստակի համար» մեդալով՝ սահմանային անվտանգության հարցում ունեցած ներդրման համար։

Նկատենք, որ սա վերջին օրերին Օզելի՝ Ադրբեջանի ռազմական կառույցներից ստացած թվով երկրորդ մեդալն է։ Ապրիլի 2-ին նա հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ՝ Հասանովի հրամագրի համաձայն՝ պարգևատրվելով Ադրբեջանի Հանրապետության «Ռազմական համագործակցության ներդրման համար» մեդալով՝ երկու պետությունների ռազմական փոխգործակցության զարգացմանը նպաստելու գործում իր ունեցած ավանդի համար։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ ու լիազոր դեսպան Իսմայիլ Աքփեր Ջոշքունը։

Հիշեցնենք, որ Օզելն ապրիլի 3-ին հյուրընկալվել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *