2014-ի հուլիս-օգոստոս ամիսներին Ռուսաստանում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի մասնակից 14 երկրներից երկուսը՝ Չինաստանն ու Քուվեյթը ցանկություն են հայտնել մրցել իրենց տանկերով։ Մյուս երկրներին մրցույթն անցկացնող Ռուսաստանը կտրամադրի սեփական արտադրության Տ-72 տանկեր։
Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքի՝ Ռուսաստանը նախատեսում է միջազգային մրցույթի համար պատրաստել Տ-72 տանկի 118 միավոր Տ-72Բ, Տ-72Բ1 ու Տ-72Բ3 արդիականացումներ ու նախապես փորձարկել դրանք հունիսին՝ ՌԴ ԶՈւ համաբանակային տանկային բիաթլոնի ժամանակ։
Նախատեսված է, որ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու հրավեր է ուղարկվել 41 երկրի։
Հայտնի է, որ 2014-ին միջազգային տանկային բիաթլոնին կմասնակցեն նաև հետևակի մարտական մեքենաներ, որոնց համար ներկայումս կառուցվում են առանձին երթուղիներ։
Միաժամանակ հանդիսատեսի համար ռուսաստանյան կողմը նախատեսում է կառուցել 5000 տեղանոց տրիբունաներ։ Կկառուցվի նաև մրցանակաբաշխության համար նախատեսված հրապարակ։
Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։
Հավելենք, որ 2014-ի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ անցկացնելու որոշումը ՌԴ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է 2013-ի սեպտեմբերին։ Այս տարի ևս հայկական զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմը կմասնակցի մրցույթին։
Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013 թվականի նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ խոշոր զորավարժության շրջանակներում։
«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ
Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։
Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։