Ըստ Օբամայի՝ ո´չ Վրաստանը, ո´չ էլ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չեն

Մարտի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ. «Ոչ Ուկրաինան, ոչ էլ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չեն»։ Այսպիսի հայտարարարություն Օբաման արել է այն հարցին ի պատասխան, թե «Ուկրաինայում ճգնաժամը կմեծացնի՞, թե՞ կնվազեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնման հավանականությունը, այդ թվում նաև Վրաստանի հարցում»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

Մեկնաբանելով Օբամայի հայտարարությունը՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Բրիջիտ Բրինկը մարտի 28-ին ասել է. «Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի անդամակցությունը եվրոատլանտյան կառույցներ, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք իրականացվում են այդ նպատակին հասնելու համար։ Նախագահի մեկնաբանությունն արտահայտում է այն իրավիճակը, որ այս պահին Վրաստանը խնդրում է անդամակցության գործընթացի պլան (Membership Action Plan NATO-Ռազմինֆո) այլ ոչ թե անդամակցություն։ Անդամակցության պլանի գործընթացի հարցը քննարկվելու է Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ»,- նշել է Բրինկը։

Նշենք, որ Օբամայի հայտարարությանն արձագանքել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա նշել է, որ Օբամայի ասածը համապատասխանում է իրականությանը։ «Այն, ինչ ասել է նախագահ Օբաման, լիովին ադեկվատ ու իրական է, քանի որ այս փուլում չի նախատեսվում ՆԱՏՕ-ի ընդլայնում Վրաստանում։ Դրա համար մեր իշխանության խնդիրն այն է, որ հասարակությունը մեզնից ստանա ճիշտ տեղեկատվություն, այլ ոչ թե կեղծ սպասումների գիրկն ընկնի, ինչպես նախորդ իշխանության օրոք է եղել։ ՆԱՏՕ-ից սպասելիքներն ու հարաբերությունները չպետք է կեղծ ու չափազանցված լինեն»,- ասել է վարչապետը։

Հավելենք, որ իր հերթին Օբամայի ասածը մեկնաբանել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն։ Նա վստահեցրել է, որ Վրաստանը վստահորեն գնում է դեպի ՆԱՏՕ, բայց այս փուլում առաջիկա գագաթնաժողովին քննարկվելու են Վրաստանի ունեցած առաջընթացն ու բարեփոխումները։
«Մենք երբեք էլ չենք ասել, որ առաջիկա գագաթնաժողովում Վրաստանին ՆԱՏՕ կընդունեն։ Մենք միշտ ասել ենք, որ գագաթնաժողովում մեր ունեցած առաջընթացն են քննարկելու։ Մենք այդ ճանապարհին ենք և ոչ ոք դրա դեմ ոչինչ չի ասել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով այն համոզմամբ, որ Վրաստանը մի օր ՆԱՏՕ-ի անդամ կդառնա»,- հավաստիացրել է արտաքին գործերի նախարարը։

Նշենք, որ վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր, թե արդյոք Վրաստանն առաջիկա գագաթնաժողովում կանդամակցի ՆԱՏՕ-ին, թե՝ ոչ։ Ենթադրվում է, որ նման խոսակցությունների առիթ է դարձել վերջին շրջանում Վրաստանի ակտիվ քաղաքականությունը, մասնավորապես այն հայտարարությունը, որ 2015 թվականից Վրաստանը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս կդառնա, իսկ հովանավոր երկիր կլինի ԱՄՆ-ն։

2 responses to “Ըստ Օբամայի՝ ո´չ Վրաստանը, ո´չ էլ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չեն

  1. Pingback: ՆԱՏՕ-ն Վրաստանին առաջարկել է համագործակցության նոր բազային փաթեթ | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորություն չունի, էլ ո՞ր լեզվով ասեն. Նինո Բուրջանաձե | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *