Մենք առաջարկում ենք Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության նոր բազային փաթեթ, որը հնարավորություն կտա ավելի մոտենալ ՆԱՏՕ-ին։
Այս մասին հունիսի 25-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի նիստի բացմանը նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Ըստ նրա՝ բաց դռների քաղաքականությամբ պայմանավորված ՆԱՏՕ-ի սկզբունքները նույնն են մնացել և որ «ոչ մի երկիր չի կարող կանգնեցնել այդ գործընթացը»։
«Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել բաց դռների քաղաքականությունը, քանի որ այն օգուտ կտա ոչ միայն ՆԱՏՕ-ին անդամագրվել ցանկացող երկրներին, այլ նաև հենց Դաշինքին։ Մեր հիմնական սկզբունքներն անփոփոխ են։ Այս առումով հարկ է նշել Վրաստանին, որին մենք առաջարկել ենք դաշինքի հետ համագործակցության նոր բազային փաթեթ։ Դա կօգնի Վրաստանին ավելի մոտենալ ՆԱՏՕ-ին»,-հայտարարել էր Ռասմուսենը։
Հավելենք, որ մարտի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ. «Ոչ Ուկրաինան, ոչ էլ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չեն»։
Այսպիսի հայտարարարություն Օբաման արել է այն հարցին ի պատասխան, թե «Ուկրաինայում ճգնաժամը կմեծացնի՞, թե՞ կնվազեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնման հավանականությունը, այդ թվում նաև Վրաստանի հարցում»։
Այս հայտարարությունից հետո լուրը սկսեցին մեկնաբանել տարբեր մակարդակներում։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն վստահեցրել է, որ Վրաստանը վստահորեն գնում է դեպի ՆԱՏՕ, բայց այս փուլում առաջիկա գագաթնաժողովին քննարկվելու են Վրաստանի ունեցած առաջընթացն ու բարեփոխումները։
«Մենք երբեք էլ չենք ասել, որ առաջիկա գագաթնաժողովում Վրաստանին ՆԱՏՕ կընդունեն։ Մենք միշտ ասել ենք, որ գագաթնաժողովում մեր ունեցած առաջընթացն են քննարկելու։ Մենք այդ ճանապարհին ենք և ոչ ոք դրա դեմ ոչինչ չի ասել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով այն համոզմամբ, որ Վրաստանը մի օր ՆԱՏՕ-ի անդամ կդառնա»,- հավաստիացրել է արտաքին գործերի նախարարը։
Նշենք, որ վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր, թե արդյոք Վրաստանն առաջիկա գագաթնաժողովում կանդամակցի ՆԱՏՕ-ին, թե՝ ոչ։ Ենթադրվում է, որ նման խոսակցությունների առիթ է դարձել վերջին շրջանում Վրաստանի ակտիվ քաղաքականությունը, մասնավորապես այն հայտարարությունը, որ 2015 թվականից Վրաստանը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս կդառնա, իսկ հովանավոր երկիր կլինի ԱՄՆ-ն։