Նշանակվել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին որոշումն ընդունել է Հյուսիսատլանտյան խորհուրդը մարտի 28-ին, ինչի մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքը։

ՆԱՏՕ-ի ներկա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը (ձախից) ու նորընտիր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը (աջից)

ՆԱՏՕ-ի ներկա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը (ձախից) ու նորընտիր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը (աջից)

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի ներկա գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին կփոխարինի 2014-ի հոկտեմբերի 1-ին, երբ կավարտվի ներկա գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարման ժամկետը։ Անդրես Ֆոգ Ռասմուսենը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում է 2009 թվականից, մինչ այդ նա զբաղեցնում էր Դանիայի վարչապետի պաշտոնը։

Դաշինքի նոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1959-ին Օսլոյում։ Ստացել է տնտեսագետի կրթություն։ Նորվեգիայում զբաղեցրել է Էներգետիկայի ու արդյունաբերության նախարարի (1993-1996), Ֆինանսների նախարարի (1996-1997) պաշտոնները։

Հետագայում՝ 2000-2001 ու 2005-2013 թվականներին, զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը։ Ստոլտենբերգի վարչապետության տարիներին Նորվեգիան ավելացրել է ռազմական ծախսերն ու մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *