ԱՄՆ-ն Եմենին կհատկացնի թեթև գրոհիչներ՝ Ալ Կաիդայի դեմ պայքարի համար

ԱՄՆ կառավարությունը մտադիր է Եմենին ապահովել թեթև ինքնաթիռներով, որոնք հնարավորություն կտան ճշգրիտ օդային հարվածներ հասցնել այդ երկրի տարածքում գործող խմբավորումների՝ այդ թվում նաև Ալ Կաիդայի զինյալներին։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Ամերիկյան կողմը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպիսի ինքնաթիռի կիրառումը մարտական խնդրի կատարմանը կտա հնարավորինս բարձր արդյունավետություն։ Ուստի 2014-ի մարտի 24-ին հայտարարվել է մրցույթ, որում ներկայացված են պահանջվող ինքնաթիռի տեխնիկական տվյալները։

Ըստ այդմ՝ պահանջվում է տուրբինային (ոչ ռեակտիվ) շարժիչով ինքնաթիռ։ Երկու հոգանոց օդաչուական խցիկը պետք է լինի զրահապատ։ Տեխնիկական համալրվածության տեսանկյունից ինքնաթիռը պետք է ունենա լազերային և վիդեոհետախուզական կայան։ Ինքնաթիռի թռիչքի առավելագույն տևողությունը պետք է գերազանցի 7 ժամը։

Նշենք, որ ինքնաթիռի առջև դրված այս պահանջներին առավելագույնը համապատասխանում է դեռևս 1950-ականներին ամերիկյան Leland Snow ընկերության նախագծած AT-802U գյուղատնտեսական ինքնաթիռը, որն ավելի ուշ համալրվելով սպառազինությամբ՝ դարձավ նաև ռազմական նշանակության ինքնաթիռ։ Վերջինիս օգտին է խոսում նաև այն, որ ինքնաթիռն իրեն բավական արդյունավետ է դրսևորել Հարավային Ամերիկայի երկրներում թմրանյութերի կորտելների դեմ պայքարում։ Այս ինքնաթիռները այսօր շահագործվում են նաև ԱՄԷ-ի և Հորդանանի ռազմաօդային ուժերում (ՌՕՈւ)՝ որպես թեթև գրոհիչ և հետախուզական ինքնաթիռ։

Ակնկալվում է, որ մրցույթի արդյունքում ընտրված ինքնաթիռները Եմենին կմատակարարվեն 2014-ի երկրորդ եռամսյակում։ Դրանք կշահագործեն ինչպես Եմենի, այնպես էլ ԱՄՆ ՌՕՈւ օդաչուները։

Հավելենք, որ Եմենի տարածքում մեծ թիվ են կազմում Ալ Կաիդա ահաբեկչական կազմակերպության զինյալները, որոնց դեմ կառավարությունը փորձում է ակտիվ պայքար մղել։ Այդ գործում Եմենին 2001-ից ի վեր զգալի աջակցություն է ցուցաբերում նաև ԱՄՆ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *