Բրազիլիան գնել է իսրայելական Hermes 900 անօդաչուներ

Բրազիլիայի պաշտպանության նախարարությունն իսրայելական Elbit Systems ընկերությունից ձեռք է բերել Hermes 900 անօդաչու թռչող սարքեր: Դրանք կիրառվելու են Բրազիլիայի ունեցած Hermes 450 անօդաչուների հետ մեկտեղ՝ 2014-ի հունիսին այստեղ անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության ապահովման նպատակներով:

Նշենք, որ Բրազիլիան ձեռք էր բերել 2 միավոր Hermes 450 ԱԹՍ-ներ իր զինուժի համար դեռևս 2011-ի հունվարին:

Ինչպես հաղորդում է Defense News ռազմական կայքը, հղում տալով սույն իսրայելական ընկերության տվյալներին, Բրազիլիայի համար նախատեսված ԱԹՍ-ները կրում են շրջադիտման ու հետախուզման հատուկ սարքավորումներ: Hermes 900-ները հնարավոր է լինելու նաև գործարկել Hermes 450-ի համար նախատեսված վերգետնյա կառավարման կայաններից: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում. պարզ չէ, թե Բրազիլիան քանի միավոր Hermes 900 է գնել:

Hermes-900-ը իսրայելական Elbit Systems ընկերության արտադրած մարտավարական, եղանակային ցանկացած պայմանների համար նախատեսված անօդաչու է։ Առաջին թռիչքը կատարել է 2009-ի դեկտեմբերին, սերիական արտադրությունը սկսել են 2010-ին։

Անօդաչուն աչքի է ընկնում թռիչքի մեծ հեռավորությամբ (եթե իր նախորդը՝ Hermes-450-ի ցուցանիշը 20-30 ժամ էր, ապա Hermes 900-ինը՝ 40), նախատեսված է օդից հետախուզության, պարեկության, շրջադիտման համար, կարող է զինվել մարտավարական համակարգերով։ Ունակ է պարեկություն կատարել թե´ ցամաքային, թե´ ծովային տարածքներում։ Երկարությունը՝ 8.3 մ է, թևերի բացվածքը՝ 15 մ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 9.14 հազար մ: Ունակ է բարձրացնել մինչև 350 կգ բեռ, բացում է մինչև 220 կմ/ժ արագություն, թռիչքային զանգվածը՝ 1.180 կգ: Անօդաչուն իր նախորդից չափերով ավելի մեծ է:

Հավելենք, որ դեռևս 2013-ին Բրազիլիան հաստատել էր, որ նավատորմի՝ Blue Amazon անունը կրող, ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում անօդաչու թռչող սարքեր են ձեռք բերվելու, սակայն միայն փորձարկումների մի քանի փուլ անցնելուց հետո։

Նկատենք, որ Բրազիլիան վաղուց է օգտագործում իսրայելական ԱԹՍ-ներ։ 2009-ի նոյեմբերին կնքված 350 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում Բրազիլիան ստացել է 11 միավոր Israel Aerospace Industries-ի արտադրության ԱԹՍ։

Նշենք, որ 2014-ի փետրվարի սկզբին Բրազիլիայի նավատորմը հայտարարել էր, որ ցանկանում է ձեռք բերել իսրայելական Israel Aerospace Industries (IAI) արտադրության Heron անօդաչու թռչող սարքեր դրանց փորձարկումներից հետո։

Հավելենք, որ Ադրբեջանը հանդիսանում է թե՛ Hermes 450-ների, թե՛ Hermes 900-ների գնորդներից մեկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *