Ադրբեջանը հաղորդում է մարտական պայմաններում վիրավորված ադրբեջանցի զինծառայողի մասին

Ադրբեջանական լրատվակայքերի վկայությամբ՝ Ադրբեջանի՝ ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մարտական դիրքերում, ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից», հրազենային վնասվածք է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկը։

Զինծառայողի ինքնությունն այս պահի դրությամբ պարզ չէ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպը դեռ չի մեկնաբանել։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զինծառայողը վիրավորվել է ոտքից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նկատենք, որ սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի հաղորդած վեցերորդ վիրավորն է, առաջին մարտականը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 27-ին, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել էր ՊԲ ժամկետային զինծառայող Արայիկ Ռոմիկի Բաբայանը։

Ռազմինֆոյի ունեցած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը զոհվել էր ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *