Դաղստանում սպանվել է զինյալների խմբավորման ադրբեջանցի հրամանատարներից մեկը

Դաղստանի տարածքում գործունեություն ծավալող, այսպես կոչված «Խասավյուրտյան» զինյալների խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը՝ ադրբեջանցի Թուրալ Աթաևը, սպանվել է ՌԴ ուժային կառույցների աշխատակիցների ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ։

Թուրալ Աթաև

Թուրալ Աթաև

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում տալով ՌԴ Հակաահաբեկչական հանձնաժողովի հայտարարությանը, գործողության ընթացքում ՌԴ ուժային կառույցի աշխատակիցներից մեկը սպանվել է, մեկն էլ վիրավորվել, չեզոքացվել են ևս 4 զինյալներ։ Գործողությունն իրականացվել է Խասավյուրտի շրջանի Պերվոմայսկոյե գյուղում, որտեղ էլ պատսպարվել էին զինյալները։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ ու զոհեր չկան։

Հակաահաբեկչական հանձնաժողովի հայտարարության մեջ շեշտված է, որ Թուրալ Աթաևը ծնվել է 1988-ի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանի Մահամալար գյուղում, անձամբ կազմակերպել ու մասնակցել է ՌԴ-ի գործարարներից դրամաշորթությանը, բնակելի տարածքներում ահաբեկչական գործողություններին, պայթյունների իրականացմանը։ Նա համարվում է նաև 2013-ի դեկտեմբերի 27-ին Պյատիգորսկ քաղաքում ականապատ ավտոմեքենայի միջոցով իրականացված պայթյունի կազմակերպիչներից մեկը։ Պայթյունը խլել է 3 պատահական անցորդների կյանքը։

Հավելենք, որ «Խասավյուրտյան» խմբավորումը հայտնի է նաև շիա մուսուլմանների մզկիթների վրա հարձակումների ու պայթյունների կազմակերպմամբ։ Վերջին նման միջադեպն արձանագրվել է 2013-ի հունիսի կեսերին, երբ ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցներին հաջողվել էր կանխել Խյասավուրտի շիաների մզկիթի՝ այս խմբավորման կողմից ամբողջովին ականապատված շինության և հարակից տարածքի պայթյունը։

One response to “Դաղստանում սպանվել է զինյալների խմբավորման ադրբեջանցի հրամանատարներից մեկը

  1. Pingback: Դաղստանում ուժայինները և զինյալները կրկին բախվել են | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *