Դաղստանում օգոստոսի 26-ի երեկոյան ժամերին՝ տեղի ժամանակով 03։00-ին, Խասավյուրտի շրջանի Մացեևկա գյուղի մոտ հրաձգություն է արձանագրվել ուժայինների և զինյալների խմբավորումների անդամների միջև։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, օպերատիվ-որոնողական աշխատանքներ անելիս ոստիկանները հանկարծակի հանդիպել են զինյալների, որոնց հետ բախման հետևանքով զինյալներից երկուսը սպանվել են։ Դաղստանի ՆԳՆ-ն կորուստներ չի կրել։ Ոչնչացված զինյալների ինքնությունն այս պահին պարզում են։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 22-ին Խասավյուրտի շրջանում ոստիկանների վրա իրենց թաքստոցներից կրակ են բացել զինյալները։ Մեկ ոստիկան վիրավորում է ստացել։ Ուժայիններին հաջողվել է չեզոքացնել 4 զինյալի։
Հավելենք, որ «Խասավյուրտյան» խմբավորումը հայտնի է նաև շիա մուսուլմանների մզկիթների վրա հարձակումների ու պայթյունների կազմակերպմամբ։ Վերջին նման միջադեպն արձանագրվել է 2013-ի հունիսի կեսերին, երբ ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցներին հաջողվել էր կանխել Խասավյուրտի շիաների մզկիթի՝ այս խմբավորման կողմից ամբողջովին ականապատված շինության և հարակից տարածքի պայթյունը։ «Խասավյուրտյան» զինյալների խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը՝ ադրբեջանցի Թուրալ Աթաևը, սպանվել է ՌԴ ուժային կառույցների աշխատակիցների ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ 2014-ի մարտին։