Վրաստանի պետական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը ներկայացրել է ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) արդիականացման փաթեթ, որի համար օգտագործել է ուկրաինական արտադրության բարձր շարժունակությամբ մեքենաների շասսի: Նոր արդիականացումը ստացել է GG-122 անվանումը:
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը հայտնում է, որ վրաստանյան արդիականացման նպատակը հենց համակարգերի շարժունակության ավելացումն է, ինչի համար արդիականացնող կազմակերպությունը համակարգերի բազային «Ուրալ-375Դ» (կամ «Ուրալ-4320») 6×6 ընթացամասով բեռնատար մեքենաների փոխարեն օգտագործել է ուկրաինական արտադրության «Կռազ-63221» 6×6 ընթացամասով բեռնատարներ, որոնք բազային շասսիներից ավելի երկար են ու ավելի մանևրային:
Բացի այդ, նոր շասսիները տարբերվում են նաև պաշտպանվածության մակարդակով: Եթե բազային «Ուրալների» խցիկները երեքտեղանոց էին ու չպաշտպանված, ապա «Կռազներն» ունեն վեցտեղանոց խզիկներ, որոնք ապահովում են անձնակազմի հակափամփուշտային ու հակաբեկորային պաշտպանությունը: Դրա համար մեքենաների դռների վրա էլ դրված են փամփուշտներից պաշտպանող ապակիներ, լրացուցիչ պաշտպանություն էլ ապահովում է մեքենայի շարժիչի հատվածը, որը նույնպես զրահավորված է:
Նոր արդիականացումը ունակ է կրակել բազային ԲՄ-21 համակարգի համար նախատեսված բոլոր կառավարվող ու չկառավարվող հրթիռներով:
Ավելացնենք, որ խորհրդային ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ-ն նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, չզրահավորված ու թեթև զրահավորված թիրախների, հրետանային մարկտոցների ու այլ թիրախների ոչնչացման համար: Համակարգերը համազարկով կամ մենահատ կրակում են 122 մմ բեկորաֆուգասային, կասետային կամ գերճշգրիտ հրթիռներ: Հրթիռների խոցման նվազագույն հեռավորությունը, դրանց տեսակից կախված, կարող է լինել 1,6-ից 4 կմ, առավելագույն հեռավորությունը՝ 33-ից 42 կմ:
Բազային «Ուրալ-375Դ» կամ «Ուրալ-4320» բեռանատարները կարողանում են համակարգերը տեղափոխել մինչև 75 կմ/ժ արագությամբ: Մարտական հաշվարկը 3 հոգի է:
ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով զինված են աշխարհի մոտ 60 երկրների բանակներ: Համակարգերն առկա են նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում: