Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված զինվորական հոսպիտալներից մեկում բուժում անցած զինծառայողներից մեկը հրապարակել է 2014-ի մարտի 21-ին արված լուսանկար, որտեղից հետևում է՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին հարկադրում են մաքրություն անել հոսպիտալում։
Նախիջևանի հոսպիտալներից մեկի մուտքի լուսանկարը, որտեղ զինծառայողների ձեռքներին ավելներ են
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Azadlıq թերթի կայքը, լուսանկարում պատկերված հոսպիտալում բուժում են անցնում հիմնականում ծանր հիվանդություն ունեցող զինծառայողները։
Լուսանկարում երևում են թվով 3 զինծառայող, որոնց ձեռքներին ավելներ են, մինչդեռ մաքրման աշխատանքները հոսպիտալում պետք է կատարեն դրա դիմաց գումար ստացող աշխատակիցները՝ հավաքարարները։
Azadlıq թերթը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է Նախիջևանի հատուկ համազորային բանակի մամուլի ծառայությանը։ Թերթին մեկնաբանել են, որ տեղյակ չեն միջադեպից, կփորձեն պարզել իրողությունն ու պատժել մեղավորներին։
Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի կեսերին Ադրբեջանում զինծառայողների՝ փողոցներն ավլելու վերաբերյալ սկանդալ էր արձանագրվել։ Նախընտրական արշավի շրջանակներում սեպտեմբերի 18-ին Իլհամ և Մեհրիբան Ալիևների այցի նախօրեին Ղուբայի տեղական ինքնակառավարման մարմինների հրահանգով այստեղ տեղակայված ներքին զորքերի զորամասի զինծառայողներին հանել էին զորամասից, ապա հարկադրել նրանց վերցնել ավելներն ու մաքրել քաղաքի փողոցները։