Իրադրությունը Ղրիմում. մարտի 24. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, ուշադրությունը վերջին շրջանում Ղրիմի վրա է, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և հանրաքվե է անցկացրել՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։
Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։
Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների 96 տոկոսը կողմ քվեարկեցին Ռուսաստանին միանալուն։ Մարտի 18-ին էլ պայմանագիր ստորագրվեց, որով Ղրիմը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այս ընթացքում ուշադրության յկենտրոնում են Ղրիմի տարածքում մնացած Ուկրաինայի ԶՈւ զորամասերը, զինծառայողներն ու սպառազինությունը, որոնք արագորեն անցնում են ՌԴ-ին։ Ստեղծված իրավիճակին հետևելու համար կարող եք հետևել Ռազմինֆոյի թարմացվող լրահոսին։
17:30-ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղրիմ կատարած աշխատանքային այցի ընթացքում փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել է Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ։ Հատկանշանական է, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Տուրչինովի մարտի 1-ի հրամանագրով Բերեզովսկին զբաղեցրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։ Այնուհանդերձ, մեկ օր անց՝ մարտի 2-ին, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը հայտարարել էր՝ Բերեզովսկին երդում է տվել Ղրիմի ժողովրդին, և որ Ղրիմում արդեն ստեղծվել են սեփական ռազմածովային ուժերը, որոնց հրամանատարը հենց Բերեզովսկին է։
***
16:00-Մարտի 24-ին հայտնի է դարձել, որ մարտի 23-ի գիշերը ՌԴ զինուժի ստորաբաժանումները գրավել են Թեոդոսիայում տեղակաված, Ուկրաինայի ծովային հետևակի զորամասերից մեկը։ Ուկրաինայում ռազմաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկի փոխանցմամբ՝ հարձակման պահին զորամասում եղել է անձնակազմից 30 հոգի և հերթապահները։ Ըստ աղբյուրի՝ գրավման գործողությանը մասնակցել է ՌԴ զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումների 50 զինծառայող, ՌԴ ԶՈւ 200 զինծառայող, 2 ուղղաթիռ ու 3 միավոր ԲՏՌ։ Զոհեր չկան, սակայն ուկրաինացիները մարտի են բռնվել ռուսաստանցի զինծառայողների հետ։ Մարտի արդյունքում զորամասի վրա բարձրացվել է ՌԴ պետական դրոշը, բացի այդ ՌԴ զինծառայողները փակել են զորամաս տանող ճանապարհն ուկրաինական ուժերի համար։
***
13:30-Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հանձնարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը դուրս բերել Ուկրաինայի զինված ուժերի զորամասերը Ղրիմից։ Այս մասին հաղորդում է Գերագույն ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։
***
11:30-Ուկրաինայի միակ, 641 նախագծի Զապորոժիե սուզանավը մարտի 22-ին համալրել է ՌԴ Սևծովյան նավատորմի կազմը՝ բարձրացնելով անդրեևյան դրոշը։ Ռուսաստանյան BMPD ռազմական բլոգը մանրամասնում է, որ սուզանավն անցել է ռուսական կողմին «անհայտ զինուժի» հատուկ նշանակության ստորաբաժանումների ներխուժման միջոցով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *