Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավարտել է գերմանական ինքնաձիգի հիման վրա ստեղծված Մեհմեթչիք-1 (թուրքերեն՝ Mehmetçik-1) ինքնաձիգի պետական փորձարկումները։
Ինչպես տեղեկացնում է Defense News-ը, 200 ինքնաձիգից կազմված առաջին խմբաքանակի արտադրությունն արդեն սկսվել է, իսկ առաջիկայում սպասվում է, որ կմեկնարկի սերիական արտադրությունը։

Վերևում՝ Mehmetçik-1, ներքևում՝ Heckler & Koch HK-416
Թուրքիայում տեղական արտադրության ինքնաձիգով փոխելու են զինված ուժերում կիրառվող 500 հազար Heckler & Koch G3 ինքնաձիգերը, որոնք թուրքական կողմը հնացած է համարում։ Թուրքիան նախատեսում է ամբողջովին փոխել զինուժի սպառազինության գերմանական ինքնաձիգերը, սակայն որքան ժամանակ կպահանջվի դրա համար, դեռ հայտնի չէ։
Մեհմեթչիք-1 ինքնաձիգի արտադրությամբ զբաղվում է թուրքական պետական MKE ընկերությունը, որն աշխատանքներն իրականացրել է Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության հետ համատեղ։ Նախագծման աշխատանքները սկսվել էին 2008 թվականին։
Մեհմեթչիք-1-ի քաշը 3.6 կգ է։ Կրակում է ՆԱՏՕ-ի 5.56X45 մմ փամփուշտներով, պահունակը 30 փամփուշտ։ Խոցման արդյունավետ հեռավորությունը 500 մետր է, առավելագույն հեռավորությունը՝ 1 կմ։ 1 րոպեում կարող է արձակել 750 կրակոց։
Թուրքական ինքնաձիգի ստեղծման համար գերազանցապես կիրառվել են գերմանական Heckler & Koch HK416 ինքնաձիգի լուծումները, ինչպես նաև նրանք արտաքնապես չափազանց նման են, ինչն էլ գերմանական կողմի դժգոհությունն էր առաջ բերել։ Heckler & Koch ընկերությունը պահանջել էր Թուրքիայից տեղական արտադրություն ներկայացվող ինքնաձիգի համար ձեռք բերել համապատասխան արտոնագիր։
Այս ամենի հետևանքով ինքնաձիգի արտադրությունը ձգձգվում էր, սակայն թուրքական կողմին հաջողվել է լուծել արտոնագրի հետ կապված հարցերը, ինչից հետո հնարավոր է եղել շարունակել աշխատանքները։
Pingback: Ադրբեջանը թուրքական MKE ընկերության 2013-ի պատվիրատուներից 6-րդն է | Ռազմ.info