Ուկրաինան դժգոհ է դիտորդական թռիչքի համար ՌԴ-ի առաջադրած պայմաններից

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմն իրենց խիստ անհարմար պայմաններ է առաջադրել Ռուսաստանի օդային տարածքում ուկրաինական ինքնաթիռների արտակարգ դիտորդական թռիչքների իրականացման համար։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ուկրաինական մասնաճյուղը, Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Եվգենի Պերեբիյնիսի խոսքերով՝ ՌԴ-ն պետք է պատասխաներ իրենց հայցին մարտի 12-ին մինչև Ուկրաինայի ժամանակով 18։30-ը, սակայն ռուսական կողմն ինչ-ինչ պատճառներով պատասխանել է միայն մարտի 13-ին ուշ երեկոյան, միաժամանակ պահանջել թռիչքի համար վճարել մինչև մարտի 14-ը ժամը 14։00-ն, վճարել նախապես ու ամբողջությամբ։

Ընդ որում, ուկրաինական կողմի վկայությամբ՝ ՌԴ-ն պահանջել է գումարի փոխանցումը կատարել Deutsche Bank-ի միջոցով, ինչը ևս կնպաստեր գործարքի երկարաձգմանը։

ՌԴ-ն հավաստիացրել է՝ եթե գումարը ՌԴ ՊՆ հաշվեհամարին չլինի մինչև նշված ժամանակը, թռիչքները չեն կայանալու։ Ուկրաինայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՌԴ-ն իրականում արեց ամեն ինչ, որպեսզի ուկրաինական կողմը չհասցնի նման կարճ ժամանակահատվածում գումարը փոխանցել, ուստի թռիչքի իրականացումը թերևս հնարավոր չի լինի։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2014-ի մարտի 11-ին դիմել էր ռուսաստանյան կողմին՝ ՌԴ օդային տարածքում արտակարգ դիտորդական թռիչք իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով։ Ռուսաստանի Դաշնությունն այդ դիմումը բավարարել էր։ Նման թռիչքների հնարավորությունը սահմանված էր կողմերի միջև կնքված Բաց երկնքի համաձայնագրով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *