Ռուսաստանը թույլատրել է Ուկրաինային դիտորդական թռիչք իրականացնել իր օդային տարածքում

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2014-ի մարտի 11-ին դիմել է ռուսաստանյան կողմին՝ ՌԴ օդային տարածքում արտակարգ դիտորդական թռիչք իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով։ Ռուսաստանի Դաշնությունն այդ դիմումը բավարարել է։ Նման թռիչքների հնարավորությունը սահմանված է կոմղերի միջև կնքված Բաց երկնքի համաձայնագրով։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը։

Բաց երկինք

Փոխնախարարը նշել է, որ իրենք ամենևին էլ պարտավոր չէին տալ իրենց համաձայնությունը, բայց որոշել են դրական պատասխանել, որպեսզի Ուկրաինայում համոզվեն. Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի հետ սահմանակից շրջանում սպառնալիք ներկայացնող որևէ գործողություն չի իրականացնում։ Փոխնախարար Անտոնովը նշել է նաև, որ Բաց երկնքի համաձայնագրի ստորագրումից ի վեր (1992 թ.) սա առաջին դեպքն է, երբ ուկրաինական կողմը նման թռիչք իրականացնելու թույլտվություն է հայցում։

ՌԴ պաշտպանության փոխնախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժություններին։ Նա նշել է, որ երկրի այն հատվածներում որտեղ առկա է ներքաղաքական մեծ լարվածություն, նման զորավարժությունների անցկացումը բավական վտանգավոր է և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Հավելենք, որ Բաց երկնքի համաձայնագիրը ստորագրվել է 1992-ի մարտի 24-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում՝ ԵԱՀԿ անդամ 23 պետությունների կողմից։ Հետագայում դրանց թվին ավելացել է ևս 11 երկիր։ Համաձայն այդ փաստաթղթի՝ այն ստորագրած երկրները կարող են թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում՝ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *