Սիրիայում Տոչկա համալիրի արձակած հրթիռ են հայտնաբերել (վիդեո)

Սիրիայի զինված հակամարտության ընթացքում կիրառված սպառազինության հերթական հետաքրքիր դեպքն է գրանցվել 2014-ի մարտի 11-ին։ Համացանցում տարածվել է հյուսիսային Համա գավառում արված տեսագրություն, որում երևում է 9Կ79 Տոչկա մարտավարական հրթիռային համալիրի հրթիռներից։ Ամենայն հավանականությամբ, այն արձակվել է կառավարական ուժերի կողմից, քանի որ տեղեկություններ այն մասին, որ ապստամբ զինյալներն իրենց ենթակայության տակ ունեն նման զինատեսակ՝ մինչ օրս չեն եղել։

Տոչկա ՄՀՀ-ի արձակած հրթիռի մնացորդները

Տոչկա ՄՀՀ-ի արձակած հրթիռի մնացորդները

Լոնդոնի՝ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած տարեկան հաշվետվության համաձայն՝ 2013-ի դրությամբ Սիրիայի զինված ուժերի սպառազինությունում առկա է 9Կ79 Տոչկա (ռուս.՝ 9К79 Точка) մարտավարական հրթիռային համալիրի թվով 18 արձակման կայան։

Նշենք, որ վերջին շրջանում սա միակ դեպքը չէ, երբ տեսանյութերի տեսքով հայտնվում են վկայություններ՝ զինյալների դեմ մղվող պայքարում կառավարական ուժերի՝ խոշոր սպառազինության կիրառման մասին։ 2014-ի փետրվարին համացանցում հայտնվեցին տեսագրություններ, որոնցից կարելի էր եզրակացնել, որ զինյալների դեմ պայքարում սիրիական բանակը կիրառել է համազարկային կրակի Ուռագան և Սմերչ ռեակտիվ համակարգեր։ Հատկապես մեծ հնչեղություն ստացավ Սմերչ ՀԿՌՀ-ի կիրառման լուրը, քանի որ մինչ այդ երբևէ չէր հիշատակվել Սիրիայի զինված ուժերի սպառազինությունում այդ համակարգի առկայության մասին։

Հավելենք, որ խորհրդային նախագծման 9Կ79 Տոչկա մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի ենթակառուցվածքների, զրահատեխնիկայի և կենդանի ուժի խոցման համար։ Կախված մոդիֆիկացիայից, համալիրը կարող է խոցել թիրախները 15-ից 120 կմ հեռավորության վրա։ Հրթիռների մարտագլխիկները կարող են համալրվել քիմիական, բեկորաֆուգասային և կասետային մարտական մասով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *