Սիրիայում Ուռագան համակարգի արկ է հայտնաբերվել. վիդեո

Սիրիական ճգնաժամը շարունակում է հանդես գալ հետաքրքիր բացահայտումներով՝ կապված այդ երկրի զինված ուժերում առկա սպառազինության որոշ տեսակների հետ։ Այս անգամ Սիրիայի հարավի Նամար քաղաքում, որտեղ կենտրոնացած են զինյալների մեծ խմբեր, հայտնաբերվել է Ուռագան համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակած արկ։ Այս մասին վկայող տեսանյութը տարածվել է համացանցում։ Ամենայն հավանականությամբ, ռեակտիվ արկն արձակել են Սիրիայի կառավարական ուժերը։

Հայտնաբերված արկի տեսողական ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն 220 մմ-անոց է։ Հենց այս տրամաչափի ռեակտիվ արկերով է կրակում 9Կ57 Ուռագան (ռուս.՝ 9К57 Ураган) համազարկային կրակի ռեակտիվ համակարգը (ՀԿՌՀ)։ Դեպքը հետաքրքիր է նրանով, որ Սիրիայի զինված ուժերում Ուռագան ՀԿՌՀ-ի առկայության մասին խոսվում էր վաղուց, բայց այդ մասին վկայող որևէ ստույգ փաստեր մինչ այժմ չկային։
Հիշեցնենք, որ սա վերջին շրջանում սիրիական բանակի սպառազինությանը վերաբերող միակ նորույթը չէ։ Ավելի վաղ՝ 2014-ի փետրվարի 12-ին, Սիրիայի հյուսիսային Քֆար Զիթա շրջանում հայտնաբերվել էր 300 մմ-անոց ռեակտիվ արկ, որն ամենայն հավանականությամբ արձակվել էր Սմերչ (ռուս.՝ Смерч) համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Ի տարբերություն Ուռագան ՀԿՌՀ-ի, Սիրիայի զինված ուժերում Սմերչի առկայության մասին որևէ հիշատակում նախկինում չէր եղել։
Ուռագան ՀԿՌՀ-ն նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։ Համակարգի ռեակտիվ արկերը կարող են համալրվել բեկորաֆուգասային, թերմոբարիկ, կասետային և քիմիական մարտական մասով։ Կրակի առավելագույն հեռավորությունը 35 կմ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *