Լեհաստանը մինչև 2021-ը կարող է գնել հինգերորդ սերնդի կործանիչներ

Լեհաստանի ռազմաօդային ուժերը տեխնիկական վերազինման ռազմավարության շրջանակներում մինչև 2021 թվականը նախատեսվում է համալրել հինգերորդ սերնդի 64 միավոր կործանիչով։ Ինչպես հաղորդում է լեհական Altair ռազմական լրատվակայքը, այս մասին Լեհաստանի Սեյմում փետրվարի 20-ին կայացած նիստի ժամանակ հայտարարել են բանակի և ռազմական արդյունաբերության հարցերով խորհրդարանական խմբի պատգամավորները։

Լեհական օդուժի համալրման հարցի շուրջ վերջին շրջանում ընդունվում են տարաբնույթ որոշումներ, սակայն դրանցից բոլոր չեն, որ կյանքի են կոչվում։ Այսպես, 2012-ի դեկտեմբերին Լեհաստանում հաստատվեց գնումների փաթեթ, որով նախատեսվում էր 2018-ին ձեռք բերել 16 միավոր F-16 կործանիչ։ Սակայն այժմ արդեն հայտնի է, որ որոշումը չեղարկվել է, իսկ այդ գործարքի իրականացման համար նախատեսված գումարները կուղղվեն հինգերորդ սերնդի կործանիչների ձեռքբերմանը։
F-16 կործանիչի գնման հարցի շուրջ մտափոխումը միակը չէ Լեհաստանում։ Ավելի վաղ պաշտպանության նախարար Թոմաշ Սիմոնյակը հայտարարել էր, որ ռազմաօդային ուժերում առկա Սու-22 կործանիչ-ռմբակոծիչները դուրս չեն գրվի, այլ կարդիականացվեն և կշարունակեն շահագործվել։ Մինչդեռ նախատեսվում էր դրանք փոխարինել չորրորդ սերնդի նոր կործանիչներով կամ հարվածային անօդաչուներով։
Սու-22 կործանիչ-ռմբակոծիչների շահագործման ժամկետի երկարաձգումը տարաբնույթ արձագանքների պատճառ դարձավ Լեհաստանում, քանի որ շատերի կարծիքով այդ ինքնաթիռներն իրենց տեսակի մեջ բավական հին են և չեն կարող մարտունակության անհրաժեշտ աստիճան ապահովել լեհական ռազմաօդային ուժերի համար։ Խորհրդարանական խումբն անդրադարձել է նաև այս որոշմանն ու նշել, որ Սու-22-ների շահագործման ժամկետների երկարացումն արվում է միայն մի նպատակով. ֆինանսական միջոցների խնայողություն՝ հետագայում հինգերորդ սերնդի մեծաքանակ կործանիչների ձեռքբերման համար։

Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ. Լեհաստանի ՌՕՈւ

Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ. Լեհաստանի ՌՕՈւ

Հավելենք, որ ամենայն հավանականությամբ Լեհաստանը հետաքրքրված է հինգերորդ սերնդի ամերիկյան Ֆ-35 նորագույն կործանիչով, քանի որ ողջամիտ այլընտրանք համաշխարհային շուկայում դեռևս չկա։ Հինգերորդ սերնդի կործանիչներ մինչև 2021 թվականը կարող են առաջարկել նաև Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը, բայց նշյալ պետություններից որևէ մեկի հետ ռազմական համագործակցության Լեհաստանը դժվար թե գնա՝ ելնելով քաղաքական նկատառումներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *