Մարտի 12-ից եռօրյա այցով Հայաստանում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որը հայկական կողմի հետ համաձայեցնում է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման և վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը։
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորում է Հյուսիսատլանտյան Դաշինքի միջազգային քարտուղարության զորքերի պլանավորման դիրեկտորատի պետ Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ:
Մարտի 12-ին ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Տոնոյանը հանդիպմանը նշել է, որ առաջիկա 3 օրերին կայանալիք քննարկումները հնարավորություն կընձեռեն վերստուգել պաշտպանական բարեփոխումների իրականացման և դրանց սատարելու հարցում ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի կառույցների փոխադարձ հանձնառությունները, ինչպես նաև նախանշել համատեղ միջազգային խաղաղապահության շարունակման և դրա համատեքստում` փոխգործունակ կարողությունների ձևավորման ուղղությամբ կողմերի համագործակցության հեռանկարները:
Ֆրանկ Բոլանդը կարևորել է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ ու ՊՎԳ շրջանակներում իրականացվող համագործակցությունը՝ հավելելով, որ փոխադարձ հանձնառությունների կատարումը նպաստում է ՀՀ-ՆԱՏՕ փոխվստահության ամրապնդմանն ու ՀՀ պաշտպանության ոլորտի առանձին բաղադրիչների և Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:
ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ եռօրյա քննարկումներին մասնակցելու են ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։