Ուկրաինական բանակը բերվել է մարտական պատրաստության աստիճանի

Ուկրաինական բանակը բերված է մարտական լրիվ պատրաստության աստիճանի, պահպանության խիստ ռեժիմ է սահմանվել երկրի ատոմակայանների, օդանավակայանների, ռազմական և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների նկատմամբ։

Ինչպես հաղորդում է Ուկրաինսկայա պռավդա պարբերականի էլեկտրոնային կայքը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։

Ուկրաինական բանակի ՀՕՊ զորքերի զինծառայողներ

Ուկրաինական բանակի ՀՕՊ զորքերի զինծառայողներ

Նա նշել է, որ այս քայլն արվել է հաշվի առնելով Ռուսաստանի կողմից պոտենցիալ ագրեսիայի առկայությունը։ Մշակվել է նաև գործողությունների հստակ հաջորդականություն, որը պետք է իրագործվի ռուսաստանյան զորքերի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։

Իր հերթին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը հայտնել է, որ զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է և բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հավանության էր արժանացրել նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը՝ թույլատրելով անհրաժեշտության դեպքում կիրառել զինված ուժերը երկրի սահմաններից դուրս՝ Ուկրաինայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *