Ուկրաինական ռազմանավերը լքել են Ղրիմի շրջանը

Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր ռազմանավերը լքել են Ղրիմը։ Իրենց ծառայությունն են շարունակում միայն Սևաստոպլի և Կերչի առափնյա պահպանության ստորաբաժանումների կատերները, որոնք իրականացնում են Ուկրաինայի պետական սահմանի հսկումը։ Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսլրատվական գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը։

Սահմանապահ ծառայությունում նշել են, որ ներկայումս իրավիճակը Սև ծովում վերահսկելի է և խնդրահարույց է միայն Ղրիմի շրջանը։ Այն լքած ռազմանավերն այժմ ուղևորվում են Օդեսսա, որտեղ էլ կխարսխվեն, մինչև ստեղծված իրավիճակի հստակեցումը։ 2014-ի մարտի 1-ին Սևաստոպլի ռազմաբազան լքել էր նաև Ուկրաինայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) ֆլագման, Գետման Սագայդաչնի ֆրեգատը։ Ռազմանավի հետ միասին Սևաստոպլի ռազմաբազան լքել էին նաև Ուկրաինային պատկանող առափնյա պահպանության բոլոր վեց նավերը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ առկա համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի Սևաստոպլ քաղաքի ծովային ռազմաբազան տրված է շահագործման ՌԴ ՌԾՈւ սևծովյան նավատորմին։ Ռազմաբազայում գերակշռում են ռուսաստանյան ռազմանավերը և հավանաբար անախորժություններից և արտակարգ պատահարներից խուսափելու նպատակով է Ուկրաինան որոշել դուրս բերել իր նավերն այնտեղից։

Հիշեցնենք նաև, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց երկրի նախագահի դիմումին և թույլատրեց անհրաժեշտության դեպքում օգտագործել զինված ուժերը Ուկրաինայի տարածքում։ Դաշնային խորհրդի որոշմանն ի պատասխան՝ Ուկրաինայի զինված ուժերը բերվեցին լրիվ մարտական պատրաստության աստիճանի։ Ըստ չճշտված տեղեկությունների, Ուկրաինայում հայտարարվել է նաև համընդհանուր մոբիլիզացիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *