Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումների արդյունքները, ինչպես նաև բանակցային գործընթացի հեռանկարները։
Հիշեցնենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ԵԱՀԿ Մինսկ խմբի ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել շփման գծում որևէ կերպ չխախտել հրադադարի ռեժիմն օլիմպիական խաղերի ընթացքում։
Սակայն, համաձայն փետրվարի 13-ին ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ « Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ են արձանագրվել հիմնականում Արցախի հատվածում»։