ԵԱՀԿ Մինսկ խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս այցելել էր Ադրբեջան և Հայաստան։ Այցելությունից հետո Թվիթերի իր միկրոբլոգում համանախագահը գրառում է կատարել՝ փաստելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել շփման գծում որևէ կերպ չխախտել հրադադարի ռեժիմը Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի ընթացքում։
Ուորլիքը գրել է. «Բարի լուր։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են հրադադարի ռեժիմը հարգելու հանձնառությունը հատկապես օլիմպիական խաղերի ժամանակ»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը փետրվարի 5-ին ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Համանախագահների հետ հանդիպում էր ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։