Գերմանիայի քաղաքացին ձերբակալվել է՝ Իրանին բալիստիկ հրթիռի բաղադրիչներ ուղարկելու համար

Գերմանիայի դատախազության ներկայացուցիչները փետրվարի 19-ին հայտարարել են միաժամանակ Գերմանիայի ու Իրանի քաղաքացի հանդիսացող 62-ամյա տղամարդու ձերբակալության մասին։ Վերջինս մեղադրվում է բալիստիկ հրթիռների բաղադրիչ մասեր Իրան ուղարկելու փորձի համար։

Իրանական Bina հրթիռը

Իրանական Bina հրթիռը

Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Գերմանիայի իշխանությունները պնդում են՝ 2011-ից 2013-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացին ձեռք է բերել բալիստիկ հրթիռների ստեղծման համար անհրաժեշտ բարձրտեխնոլոգիական բաղադրիչներ, ընդ որում՝ այդ բաղադրիչներն արտադրվել են Գերմանիայի տարածքում, կարող են կիրառվել ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական նպատակներով։

Այնուհետև, քաղաքացին ցանկացել է գնած սարքավորումներն ուղարկել Իրան՝ արաբական երկրներից մեկը որպես տարանցիկ երկիր կանխորոշելով։

Ըստ աղբյուրի՝ հայտնի է նաև, որ քաղաքացին գնել է ընդհանուր առմամբ բաղադրիչների 12 խմբաքանակ՝ 230 հազար եվրո (մոտ 312 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ։ Սարքավորումների ստացող է նշվել իրանական մի կազմակերպության, որի անունը դեռևս չի հրապարակվում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ համաձայն Գերմանիայում գործող օրենքների՝ արգելվում է Իրանին մատակարարել բալիստիկ հրթիռներ ու դրանց բաղադրիչներ։ Բացի այդ, Իրանի նկատմամբ դեռևս գործում են մի շարք միջազգային արգելքներ, որոնք խոչընդոտում են ռազմական նշանակության սարքերի տրամադրումն իրանական կողմին՝ հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի գոյությունը։

Հավելենք նաև, որ 2014-ի հունվարի սկզբին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի օդանավակայանում հունվարի 9-ին ձերբակալվել էր 1991-ին ԱՄՆ քաղաքացիություն ստացած, ծագումով Իրանից Մոզաֆար Խազաին, որին մեղադրում են F-35 կործանիչի տեխնիկական տվյալներն ապօրինի կերպով Իրանին փոխանցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *