Հնդկաստանի ֆինանսների նախարար Փալանիափփան Չիդամբարամը, փետրվարի 17-ին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, ներկայացրել է 2014-2015 թվականների պետական բյուջեն, որում անդրադարձել ե նաև ռազմական ծախսերին։ Ըստ այդմ, ապրիլ ամսից, երբ մեկնարկում է ֆինանսական տարին, զինված ուժերի կարիքների համար հատկացվելու է 36.3 միլիարդ ամերիկյան դոլար, ինչը շուրջ տասը տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին հաղորդում է Indian Defense ռազմական լրատվակայքը։
Ֆինանսների նախարարը մանրամասնել է նաև, թե ռազմական բյուջեն ինչ ուղղությամբ է ծախսվելու։ Այսպես, 36.3 միլիարդ դոլարից ի թիվս այլ ծախսերի, 14.93-ը ուղղվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության գնմանը, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 3.28 տոկոսով։
Սակայն հարկ է նշել, որ ներկայացված թվերը բազմաթիվ փոփոխությունների և սակարկումների են ենթարկվել մինչ վերջնական տեսքի գալը։ Նախ, պատճառներից մեկը Հնդկաստանի ազգային արժույթի՝ ռուփիի 10 տոկոսանոց անկումն է դոլարի նկատմամբ։ Դրա հետևանքով առաջացել է ընթացիկ ռազմական ծախսերի հոգման 1.3 միլիարդ դոլարանոց պակասորդ, ինչը լրացնելու նպատակով ֆինանսների նախարարությունում հարկադրված են եղել այդ գումարը հատկացնել ռազմական տեխնիկայի և սպառազինության գնման համար նախատեսված մասնաբաժնից։
Իր հերթին, սպառազինության գնման ծրագրի այս վերանայումը բացասաբար է անդրադարձել մի քանի խոշոր պայմանագրերի վրա, որոնք վերաբերում են ամերիկյան AH-64D Ապաչ (անգլ.՝ Apache) հարվածային ուղղաթիռների (գործարքի արժեքը 1.16 միլիարդ դոլար), CH-47 Չինուք (անգլ.՝ CH-47 Chinook) բեռնատար ուղղաթիռների (833 միլիոն դոլար) և 145 միավոր թեթև հաուբիցների ձեռքբերման վրա։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ միջոցների հաշվին է իրականացվելու վտանգված պայմանագրերով նախատեսված սպառազինության գնումը, սակայն հարկ է նշել, որ ընդհանուր ռազմական բյուջեն ինքնին դեռևս հաստատված չէու 2014-ի մայիսին Հնդկաստանում նշանակված ընտրությունների և որպես դրա արդյունք կառավարության կազմի փոփոխման հետևանքով երկրի ռազմական ծախսերի ծավալները կարող են վերանայվել։
Հավելենք նաև, որ թեպետ Հնդկաստանի՝ 2015-ի ռազմական բյուջեն արձանագրել է 10 տոկոսանոց աճ` 33.95 միլիարդ դոլարից դառնալով 36.3 միլիարդ դոլար, այդուհանդերձ, հաշվի առնելով հնդկական արժույթի սղաճը, պետք է փաստել, որ փաստացի ռազմական ծախսերի ծավալը մեծացել է միայն 6.2 տոկոսով։