ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի կալանավայրում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ամերիկացի նախկին զինծառայող Սթիվեն Դեյլ Գրինը, որը դատապարտվել էր իրաքցի 14-ամյա աղջկա բռնաբարության և նրա ընտանիքի անդամներին սպանելու համար։
Այս մասին հաղորդում է ամերիկյան The Los Angeles Times պարբերականը։
Ընդ որում, ըստ պարբերականի՝ մամուլին սպանության մասին հայտնի է դարձել միայն փետրվարի 18-ին, մինչդեռ զինծառայողն ինքնասպանություն է գործել փետրվարի 15-ին։ Կալավայրից հաղորդել են՝ իրենք առժամանակ լռել են, քանի որ ԱՄՆ-ում նշում էին առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի տոնը։
Միջադեպի մանրամասները չեն հրապարակվել, հայտնի չէ՝ արդյոք զինծառայողը երկտող թողել է, թե ոչ։
Հիշեցնենք, որ Գրինը դատապարտվել է 2006-ի մարտի 12-ին իրաքյան Մահմուդիա քաղաքում ալկոհոլի և թմրանյութերի կիրառումից հետո տեղաբնակներից մեկի տուն ներխուժելու և ընտանիքի դստերը բռնաբարելու, ապա ընտանիքի հորը, մորը, դուստրերից մեկին սպանելու համար։ Համաձայն դատական գործի՝ աղջկան բռնաբարել են ևս 5 ամերիկացի զինծառայողներ, այնուհետև Գրինը հրազենից կրակել է նրա գլխին և այրել դին։
2006-ին Գրինը համալրել է պահեստազորի ուժերը հոգեբանական խնդիրների պատճառով, իսկ բռնաբարության միջադեպի մասին հայտնի է դարձել շատ ավելի ուշ։
Գրինին դատապարտել էին 110 տարի ազատազրկման, սակայն նա իրավունք ուներ համապատասխան պայմանների առկայության դեպքում դիմել դատարանին 2015-ին՝ ժամկետից շուտ ազատման հայցով։