Ֆրանսիան 2014-ին գնելու է լիցքավորող ինքնաթիռներ և ատոմային սուզանավ

Ֆրանսիայի խորհրդարանի՝ սպառազինության գլխավոր վարչությունը (DGA) մտադիր է 2014-ի ընթացքում զինտեխնիկայի գնման և տրամադրման մի շարք գործարքներ կնքել, այդ թվում՝ A330MRTT լիցքավորող ինքնաթիռների և «Բարակուդա» տիպի ատոմային սուզանավի գնման պայմանագրերը։

A330MRTT լիցքավորող ինքնաթիռ

A330MRTT լիցքավորող ինքնաթիռ

Ինչպես հաղորդում է Defense Aerospace ռազմական լրատվակայքը, DGA-ի ղեկավարի տեղակալ Լորան Կոլե Բիյոնը չի հստակեցրել, թե երբ են պատրաստվում կնքել գործարքները։

Նշենք, որ դեռևս 2013-ին Ֆրանսիան հայտարարել էր A330MRTT լիցքավորող ինքնաթիռների գնման ծրագրերի մասին։ Ընդ որում, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը նախատեսել էր ձեռք բերել նմանատիպ 5-7 միավոր ինքնաթիռներ, որոնք պետք է փոխարինեին շահագործվող ու հնացած  C-135FR ամերիկյան արտադրության ինքնաթիռներին։

Սկզբնական շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Ֆրանսիայի զինվորականները բաց մրցույթ կհայտարարեն, որի արդյունքներից էլ պարզ կլինի, թե որ ընկերության լիցքավորող ինքնաթիռներին նախապատվություն կտան, սակայն մրցույթ այդպես էլ չհայտարարվեց։

A330MRTT ինքնաթիռն արտադրվում է Airbus ընկերության կողմից, առաջին թռիչքը կատարել է 2007-ի հունիսին, շահագործման է հանձնվել 2011-ին։ Շահագործվում է հիմնականում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերում։

Անձնակազմը 3 հոգի է, տեղավորում է 380 ուղևորի, երկարությունը՝ 58.80 մ, թևի բացվածքը՝ 60.3 մ, բարձրությունը՝ 17.4 մ, օգտակար բեռնվածությունը՝ 45 տոննա, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 233 տոննա, առավելագույն արագությունը՝ 880 կմ/ժ, ունի 2 շարժիչ, կարող է կրել 111 տոննա վառելիք։

Ինչ վերաբերում է ատոմային սուզանավ գնելու ծրագրերին, ապա եթե պայմանագիրը կնքվի, Ֆրանսիայի զինուժը կհամալրվի թվով չորրորդ սուզանավով։  Բարակուդայի դասի երեք սուզանավեր՝ Սյուֆրեն, Դյուգա Թրուեն, Թուրվիլ, պատվիրվել են համապատասխանաբար 2007-ի դեկտեմբերին, 2009-ի հունիսին և 2011-ի հունիսին։ Ակնկալվում է, որ առաջին սուզանավը Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կստանա 2017-ին և կհանձնի այն Թուլոնի ռազմածովային կայանին։

One response to “Ֆրանսիան 2014-ին գնելու է լիցքավորող ինքնաթիռներ և ատոմային սուզանավ

  1. Pingback: Իսպանական Iberia ընկերությունը A-330 օդանավերը կվերափոխի լիցքավորող ինքնաթիռների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *