Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Սերբիայի նախագահին

Փետրվարի 17-ից երկօրյա այցով Սերբիա էր ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը։ Փետրվարի 18-ին Հասանովին հյուրընկալվել է Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով

Սերբիայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդած տեղեկությունների համաձայն՝ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության մակարդակի՝ հույս հայտնելով, որ իր այցը կնպաստի հարաբերությունների էլ ավելի սերտացմանը։

Ըստ նույն աղբյուրի՝ Հասանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սերբիայի ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ, եղել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանատանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Զաքիր Հասանովն ու իր սերբ պաշտոնակից Նեբոյշի Ռոդիչը հանդիպել են՝ քննարկելով ռազմական համագործակցության հեռանկարները։ Հանդիպման ավարտին կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում առավել սերտ փոխգործակցություն։

Համաձայն Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում շեշտել է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն Սերբիայի տարածքում անցկացվող Viking 14 և Platinum Wolf 14 զորավարժությունների։

Ադրբեջանը և Սերբիան համագործակցում են տնտեսական և ռազմական ոլորտներում։ Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների՝ Սերբիան Ադրբեջանին տրամադրել է 150 միավոր գնդացիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *