Ռուսաստանն Արկտիկայում ստեղծում է նոր զորամիավորում

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի կազմում կստեղծվի նոր զորամիավորում, որի նպատակը լինելու է Ռուսաստանի շահերի պաշտպանումը Արկտիկայի շրջանում։ Ինչպես ռուսաստանյան ՌիաՆովոստի լրատվական գործակալությանն են հայտնել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբից, նոր զորամիավորման գործառույթների մեջ մտնելու է հյուսիսային ծովային երթուղիների, ձկնային ու բնական պաշարների և երկրի հյուսիսային շրջանի անվտանգության ապահովումը։

Ռուսաստանյան ռազմանավերն Արկտիկայում

Ռուսաստանյան ռազմանավերն Արկտիկայում

Գլխավոր շտաբից հայտնել են նաև, որ Հյուսիսային նավատորմի ռազմավարական հրամանատարական միավորում անվանումը կրող զորամիավորումը կստեղծվի մինչև 2014-ի վերջը և իր մեջ կներառի ներկայիս հյուսիսային նավատորմը, Արկտիկայի բրիգադները, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորամասեր։

Նորաստեղծ զորամիավորումը ղեկավարելու է հյուսիսային նավատորմի հրամանատարը և ենթարկվելու է պաշտպանության նախարարին։ Ներկայումս ՌԴ զինված ուժերի ՌԾՈւ հյուսիսային նավատորմի հրամանատարը ծովակալ Վլադիմիր Կորոլյովն է։ Հավելենք, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ներկայումս ընթանում է փաստաթղթերի նախապատրաստման փուլը, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի նորաստեղծ զորամիավորման գործառույթների իրականացման մեկնարկի մասին։

Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է փորձում պահել Արկտիկան, ինչը հիմնականում պայմանավորված է այդ շրջանում առկա էներգետիկ պաշարների առկայությամբ։ 2013-ի ապրիլին ռուսաստանյան նավթային արդյունաբերության հսկաներ Ռոսնեֆտ և Գազպրոմ ընկերություններին պետությունը տվեց թույլտվություն՝ հետազոտել Արկտիկայի տարածաշրջանը էներգակիրների հայտնաբերման նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *