Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 17-ին հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին։
Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ զորամիավորումն իր առջև դրված խնդիրները կկատարի պատվով և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա։
Անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո Օհանյանը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվել ցուցումներ։
Զորամասի բուժկետում Օհանյանը ծանոթացել է զինծառայողների առողջական վիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ և ընդգծել, որ առավել ուշադիր վերաբերմունք պետք է ցուցաբերել զինվորների առողջության նկատմամբ: